Saturday, February 19, 2011

ՀԱՅ-ԹՈՒՐՔ ԽԱՌՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՊՈԼՍՈ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՐԺԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Շուտով վարժարանների դռները կբացվեն նաեւ հայաստանցի երեխաների առջեւ
«ԱԶԳ», 19-02-2011- Ստամբուլում հետզհետե նկատելի են դառնում հայերի եւ թուրքերի խառնամուսնությունները: Թեեւ Կ. Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ Արամ արք. Աթեշյանը Սոնեյ եւ Զեքերիյա Վուրալ ամուսինների սպանության առնչությամբ, որոնց թուրքի հետ ամուսնանալու համար սպանել էր հարսի եղբայրը, ասել էր, որ հավանություն չի տալիս խառնամուսնություններին, սակայն այս ամուսնությունները հատկապես վերջին տարիներին նկատելի աճ են արձանագրել: Որքան էլ այդ փաստն անընդունելի լինի պատրիարքարանի եւ թուրքահայ համայնքի համար, այնուամենայնիվ, ինչպես ժողովուրդն է ասում. «Չկա չարիք, առանց բարիքի»: Ի՞նչ առումով, այն, որ հայ-թուրք խառնամուսնությունների տված սերունդը լրացնում է Պոլսո հայկական վարժարանների ուսման վարձի անմատչելիության պատճառով հետզհետե նոսրացող աշակերտների շարքերը:
Հունվարի 31-ին «Հյուրիեթ» թերթի անգլերեն տարբերակում «Խառնամուսնությունների առաջին ժառանգները հայկական վարժարաններում» վերնագրով հենց այդ հարցն է քննարկել մեր հայրենակցուհինՙ Վերջիհան Զիֆլիօղլուն : Նա նշում է, որ Ստամբուլում հայերի եւ թուրքերի խառնամուսնություններից ծնված երեխաները հաճախում են հայկական 18 վարժարաններ: Մինչ այդ հայկական վարժարանի համար պահանջվում էր, որ երեխայի երկու ծնողներն էլ լինեն Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ: Սակայն անցյալ տարի Թուրքիայի կրթության նախարարությունը շրջաբերականով փոխել է այս կարգը, եւ հայկական վարժարան հաճախելու համար բավարար է համարել ծնողներից մեկիՙ հոր կամ մոր հայ լինելը:
Ավելին, հոդվածագիրը հույս է հայտնում, որ շուտով Պոլսո հայկական վարժարաններում ուսանելու իրավունք կստանան նաեւ դեռեւս 1988-ից ապօրինի ճանապարհով Թուրքիա մուտք գործած հայաստանցի ընտանիքների երեխաները եւ դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա 2011/2012 ուսումնական տարում:
Վերջիհանը խառնամուսնություններից ծնված աշակերտների մասին պարզաբանումներ ստանալու համար դիմել է Պոլսո Մխիթարյան վարժարանի տնօրեն Գարեգին Պարսամյանին: Պրն Պարսամյանը նրան ասել է. «Հիմա արդեն մեր վարժարաններում կարողանում են սովորել ասորական կամ հունական ծագումով աշակերտներ, որոնց թվում նաեւ նրանք, ովքեր անձնագրով մահմեդական են»:
Այնուհետեւ նա շարունակել է. «Օրեցօր աճում են խառնամուսնությունները: Նրանք սերունդ են տալիս: Թեեւ այս երեխաներից ոմանք անձնագրով նշված են որպես մահմեդական, սակայն մեր դպրոցներում ստանում են հայ քրիստոնյայի դաստիարակություն: Մեծանալու դեպքում իրենք են որոշելու իրենց ազգային ինքնությունը: Ինչ վերաբերում է հայաստանցի երեխաներին, ապա անցյալ տարի մենք նրանց հարցով դիմեցինք կրթության նախարարություն, ընդգծելով, որ նրանք զրկված են ուսուցման իրավունքից, եւ մեր դիմումը դրական արձագանք գտավ: Ամենայն հավանականությամբ, շուտով մեր դռները կբացենք նաեւ հայաստանցի երեխաների առաջ»:
Վերջում պրն Պարսամյանը գոհունակությամբ արտահայտվելով Թուրքիայի կրթության նախարարության մասին, ավելացրել է. «Սերը չի ճանաչում կրոնի, լեզվի, մշակույթի տարբերություն: Եթե նույնիսկ ոչ հայ ծնողներն իրենց երեխաներին ուղարկում եմ մեր վարժարան, ինչո՞ւ չընդունել: Ի վերջո, արեւմտահայերենն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհետացող լեզուների ցուցակում: Ապագայում այս երեխաները կնպաստեն դրա պահպանմանը»:
Վերջիհանը դիմել է նաեւ խառնամուսնություններից ծնված եւ հայկական վարժարան խաճախող երեխաների ծնողներին: Նրա հարցերին, ի տարբերություն հայ քրիստոնյա հայրերի, պատասխանել են թուրք մահմեդական մայրերը: Նրանցից Բահարոլը, որն ունի հայկական վարժարանի մանկապարտեզը հաճախող 4 տարեկան զավակ եւ գտնվում է ամուսնալուծման շեմին, ասել է. «Եթե նույնիսկ ամուսնուցս բաժանվեմ, իմ զավակը կշարունակի հաճախել նույն դպրոցը եւ կստանա հայ քրիստոնյայի դաստիարակություն»:
Նրան լրացրել է տկն Հաջերը, որի երկու որդին էլ հաճախում են հայկական վարժարան: Նա նշել է, որ որդիների հետ հայերեն է սովորում նաեւ ինքը, իսկ արմատներով մշեցի Այլին խանումն ընդգծել է, որ իր ընտանիքը մահմեդականություն է ընդունել 1915-ի իրադարձությունների ժամանակ եւ դարձել է մոլի մահմեդական: Ապա նա շարունակել է. «Թեեւ իմ ծնողները վերին աստիճանի պահպանողական մահմեդականներ են, սակայն չառարկեցին, երբ ես ամուսնացա հայի հետ: Ունեմ 9 տարեկան որդի, հաճախ հարցնում է. «Տատիկս եւ պապիկս մահմեդական են, ինչպե՞ս եղավ, որ դու դարձար քրիստոնյաՙ ամուսնանալով հորս հետ»: Անհրաժեշտության դեպքում ես գլխաշորս կապում եւ մզկիթ եմ գնում, միաժամանակ հաճախում եմ նաեւ եկեղեցի, երեխան չի կարողանում կողմնորոշվել: Մտածեցի, որ ինքս չկարողացա հայերեն սովորել, գոնե երեխան սովորի եւ ծանոթանա հայկական մշակույթին, այդ իսկ պատճառով էլ նրան ուղարկում եմ հայկական դպրոց»:
Ի դեպ, տկն Այլինը հարսի եղբոր սպանած Զեքերիյա Վուրալի զարմուհին է, որի առնչությամբ ասել է. «Զեքերիյան էլ ինձ նման մահմեդականացված հայերից էր, նրա սպանությունը մեծ ցավ է պատճառել»:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: