Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման տարիքը վաղուց արդեն լրացել է եւ նա պետք է թոշակի գնար, սակայն նախագահի հրամանագրով նրա պաշտոնավարումը երկարաձգվում է մինչեւ 2016 թվականը: Այդ որոշումը բավական հետաքրքիր է, հատկապես այն առումով, որ կայացվում է ներիշխանական ինտրիգների հանգուցալուծման այս փուլի կուլմինացիոն ֆոնին:Ինչն է նպաստում կամ ստիպում, որ Սերժ Սարգսյանը պահի ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին: Եվ ինչն է պատճառը, որ նա որոշել է նրան պահել մինչեւ հենց 2016 թվականը եւ ցույց տալ բոլորին, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում ինքը մտադիր չէ ԱԱԾ պետ փոխել: Այստեղ կան մի շարք հանգամանքներ, որոնք տալիս են Սերժ Սարգսյանի այդ որոշման առումով մի քանի հնարավոր վարկածի մասին ենթադրության հիմք:
Գուցե Սերժ Սարգսյանը չափազանց բարձր է գնահատում Գորիկ Հակոբյանի մասնագիտական ունակությունները եւ մարդկային որակները, ու համարում է, որ առաջիկա 5 տարում ինքը չի կարող ԱԱԾ պետի պաշտոնի համար ունենալ նրանից ավելի կոմպետենտ, պատրաստված թեկնածու, որը նաեւ իր մարդկային հատկանիշներով կարող է լինել գործող նախագահին հավատարիմ եւ վստահելի մարդ ու թիկունքից հարված չհասցնել եւ ավելորդ խնդիրներ չառաջացնել: Այդ առումով 2016 թվականի ուշագրավ ժամանակաշրջան է: Այն փաստորեն կազմում է Սերժ Սարգսյանի նախագահության հնարավոր երկրորդ ժամկետի կեսը: Սարգսյանը միգուցե համարում է, որ մինչ այդ ժամանակը ԱԱԾ դերակատարումը իր նախագահական դիրքերի պահպանման եւ ամրացման առումով շատ մեծ է, եւ Գորիկ Հակոբյանն այդ հարցում կարող է լինել անփոխարինելի: Սերժ Սարգսյանը հնարավոր է կարծում է, որ եթե ինքը մինչեւ 2016 թվականը կարողանա պաշտոնավարել, մնալ նախագահի պաշտոնում, ուրեմն դրանից հետո մինչեւ 2018 թվականը պաշտոնավարելն ու իշխանությունը իր ցանկացած ժառանգորդին փոխանցելը այլեւս մեծ բարդություն չի ներկայացնի:
Մյուս հանգամանքը թերեւս այն է, որ Սերժ Սարգսյանը պարզապես չի կարողանում իրականացնել ԱԱԾ պետի փոփոխություն, քանի որ նրան դա խանգարում են անել ներիշխանական հակասությունները: Այդ առումով թվում է, որ կոալիցիոն հայտարարությունը հուշում է այդ հակասությունների վերացման մասին, եւ Սերժ Սարգսյանը պետք է որ այժմ կարողանար փոխել ԱԱԾ պետին, եթե խանգարողը ներիշխանական հակասություններն էին: Բայց, իհարկե, որեւէ երաշխիք կամ ապացույց չկա, որ հենց դրանք էին խանգարողը, եւ բացի այդ էլ, որեւէ երաշխիք կամ ապացույց չկա, որ նոր կոալիցիոն հայտարարությունը իրապես նշանակում է ներիշխանական հակասությունների եւ ինտրիգների վերջ: Ի վերջո, չէ որ ներկայիս կամ ոչ վաղ անցյալի լուրջ ինտրիգներից առաջ էլ հուշագիր ստորագրվել էր, իսկ կողմերն էլ հայտարարում էին դրան հավատարիմ լինելու մասին: Բայց դա չխանգարեց, որ ինտրիգները գեներացվեն, եւ առաջանա մի նոր հայտարարութամբ կրքերը սառեցնելու անհրաժեշտություն:
Բացի այդ, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը հենց փորձում էր կոմպետենտ ու վստահելի լինելու պատճառով պահել Գորիկ Հակոբյանին, եւ այժմ լուծած լինելով ներիշխանական խնդիրները եւ իրեն ուժեղ զգալով, կարողանում է միարժեք հայտարարել, որ Հակոբյանը մնալու է առնվազն մինչեւ 2016 թվականը:
ԱԱԾ պետին մինչեւ 2016 թվականը պահելու մասին Սերժ Սարգսյանի որոշման շարժառիթի մեկ այլ հանգամանք կարող է լինել եւ այն, որ Սարգսյանը փորձում է դրանով սպառել ԱԱԾ պետի պաշտոնի համար հնարավոր թե ներհամակարգային, թե ներիշխանական մրցակցությունը, որը կարող էր նաեւ ունենալ առավել թեժ դրսեւորումներ, որ սովորաբար բնորոշվում է “գզվռտոց” բառով: Հայտարարելով, որ առաջիկա 5 տարում իր համար օրակարգից հանված է ԱԱԾ պետի փոփոխության հարցը, Սերժ Սարգսյանը թերեւս փորձում է վերջ տալ այդ կապակցությամբ առկա ներհամակարգային եւ ներիշխանական հնարավոր հակադրություններին:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment