Tuesday, February 22, 2011

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանի իշխանություններն իրենց կորուստների արմատները պետք է փնտրեն իրենց ԶՈՒ-ում տիրող իրավիճակի մեջ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են պահպանել հրադադարի ռեժիմը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրը, թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը։
«Սա ադրբեջանական լրատվամիջոցների հերթական ապատեղեկատվությունն է։ Իսկ եթե ադրբեջանական բանակում պարբերաբար զինվորներ են վիրավորվում եւ սպանվում, ապա այդ երկրի իշխանություններն իրենց կորուստների արմատները պետք է փնտրեն իրենց զինված ուժերում տիրող իրավիճակի մեջ»,- նկատեց Հասրաթյանը։
Նշենք, որ ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայկական կողմն, իբրեւ թե, խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի արդյունքում վիրավորվել է ադրբեջանական բանակի մի զինծառայող։
Ավելացնենք, որ այս տեղեկատվությունը շրջանառության մեջ է դրվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի ՊՆ պաշտոնապես ընդունել է այդ երկրի բանակում կատարված խոշոր միջադեպի փաստը. «ներքին միջադեպի» արդյունքում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ, զոհվել է 7 ադրբեջանցի զինվոր։

No comments: