Tuesday, February 22, 2011

Անկարան Մուբարաքից անցավ Քադաֆիին՝ խորհուրդ տալով լսել ժողովրդի ձայնը

Tert.am. 21-2-2011- Լիբիայում բնակվող թուրքերը որևէ առնչություն չունեն այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այս մասին, թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ պատասխանելով Լիբիայի առաջնորդի որդու և լիբիական պաշտոնական լրատվամիջոցների կողմից թուրքերի վերաբերյալ արված հայտարարություններին։
«Այդ երկրում բնակվող թուրքերը քաղաքական իրադարձություններին չեն միջամտել»,– հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ ընդգծելով, որ իրենք մտահոգությամբ են հետևում Լիբիայի վերջին զարգացումներին։
Աբդուլլահ Գյուլը կոչ է արել նաև Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադաֆիին լսել սեփական ժողովրդի ձայնը։
«Բոլոր առաջնորդները պետք է ականջ դնեն իրենց ժողովուրդների պահանջներին»,– ասել է Գյուլը՝ ընդգծելով, որ Լիբիան եղբայրական երկիր է։
Լիբիայում ծայր առած ժողովրդական հուզումների համար երկրի իշխանությունները մեղադրում են օտարերկրյա ուժերին։ Ավելի վաղ Լիբիայի պաշտոնական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Լիբիայում խռովություններ կազմակերպելու և Իսրայելի օգտին աշխատելու մեղադրանքով ձերբակալվել են մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիներ, որոնց թվում կան նաև թուրքեր։ Բացի այդ, երեկ Լիբիայի պետական հեռուստատեսությամբ ժողովրդին էր դիմել Մուամար Կադաֆիի որդին՝ Սեյֆ ալ–Իսլամ Քադաֆին, ով հայտարարել էր, թե իրենք Լիբիան չեն թողնի ոչ թուրքերին, ոչ էլ իտալացիներին։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան արձագանքել էր նաև Եգիպտոսի դեպքերին։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հոսնի Մուբարաքին կոչ էր արել լսել սեփական ժողովրդի ձայնը։ Սակայն պաշտոնական Կահիրեն շատ կոշտ պատասխան էր տվել Էրդողանին՝ հայտարարելով, որ «Թուրքիան փորձում է իր քիթը խոթել Եգիպտոսի ներքին գործերի մեջ»։

No comments: