Tuesday, February 22, 2011

Ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Լիբիայի Տրիպոլի, Ալ Զավիա, Միսուրատա քաղաքները

Լիբիայի ռազմաօդային ուժերը ռմբակոծման են ենթարկել Տրիպոլի, Ալ Զավիա, Միսուրատա քաղաքները. ոչ պաշտոնական տվյալներով՝ առնվազն 250 մարդ է զոհվել։
«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ռմբակոծման և գնդակոծման են ենթարկվել ոչ միայն ցուցարարները, այլ՝ Տրիպոլիի բնակելի շրջանները։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Լիբիայի մայրաքաղաքի փողոցները լի են օտարազգի վարձկան զինվորներով, որոնք կրակում են բնակիչների վրա, իսկ ռեժիմին համատարիմ անվտանգության ուժերի աշխատկիցները ներխուժում են հիվանդանոցներ և հարձակվում բժիշկների և վիրավորների վրա։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Լիբիայի իշխանությունները,Կադաֆիի վարչակազմին «աջակցելու» համար, վարձկան զինվորներին օրական 2000 դոլար են առաջարկում։
Իսկ պաշտոնական իշխանությունները (այդ թվում՝ Կադաֆին) հերքում են բնակելի թաղամասերի ռմբակոծման մասին լուրերը։
Հաղորդվում է նաև, որ լիբիական երկու կործանիչների և երկու ինքնաթիռների հրամանատարներ հրաժարվել են կրակել ժողովրդի վրա և լքել են իրենց պաշտոնները։
Բացի այդ, Լիբիայի բանակի բարձրաստիճան սպաների մի մասը կոչ է արել գահընկեց անել երկրի առաջնորդ Մուամառ Կադաֆիին։
Միաժամանակ, Կադաֆին ազգային հեռուստատեսության ուղիղ եթերով ելույթ է ունեցել՝ հերքելով երկիրը լքելու մասին լուրերը։
Իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ Լիբիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը տնային կալանքի է ենթարկվել ՝ երկրում ստեղծված քաոսից դուրս գալու ուղղությամբ քայլեր չձեռնարկելու համար։
Իսկ ահա եգիպտա–լիբիկան սահմանը հսկող զորքերը թողել են իրենց դիրքերը և հեռացել՝ սահմանը առանց հսկողության թողնելով։ Արդյունքում՝ եգիպտացի սահմանպահները ստիպված են եղել իրենց կողմից փակել սահմանակետերը՝ լիբիացի փախստականների հոսքից խուսափելու համար։ Ավելի վաղ սակայն, հայտարարվել էր, թե Եգիպտոսը ճամբար է բացում Լիբիայի փախստականներին «հյուրընկալելու» համար։ Հաղորդվում է, որ առնվազն մի քանի հարյուր մարդ արդեն անցել է սահմանը։
Հիշեցնենք, որ Լիբիայում զանգվածային բողոքի ակցիաներ սկսվեցին հարևան Եգիպտոսում փետրվարի 11–ին տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ Լիբիայում անկարգությունների հետևանքով արդեն մոտ 500 մարդ զոհվել և շուրջ 4000–ը վիրավորվել է։

No comments: