Thursday, February 17, 2011

ԼՂ ՀԱՐՑԸ ՀԻՄԱ ԷԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈ՞ՒՄ

«ԱԶԳ», 17-02-2011 - Այն ժամանակ, երբ գրեթե բոլոր հանդիպումներում եւ հայտարարություններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն իրենց մտահոգությունն են հայտնում ղարաբաղյան խնդիրը այլ ատյաններում կամ կազմակերպություններում քննարկելու նախաձեռնությունների առնչությամբ, Ադրբեջանը հերթական անգամ նման մի փորձ է կատարում: Ընդ որում, Ադրբեջանի նման քայլերը բնավ էլ զարմանքի առիթ չեն տալիս, առավել զարմանալին նույն այդ կազմակերպությունների կեցվածքն է, երբ իրենց ղեկավարների մակարդակով հայտարարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու մասին, բայց արդեն կազմակերպության ներսում փորձում են շահարկել ԼՂ խնդիրը:
Հերթական անգամ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Ադրբեջանը ղարաբաղյան խնդիրը բարձրացնելու փորձեր է անում, այս անգամՙ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում: Ըստ լրատվության, պաշտոնական Բաքվի խնդրանքով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի օրակարգից հանվել է ղարաբաղյան հակամարտության առնչությամբ բանաձեւի նախագիծը` պատճառաբանությամբ, թե Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարմար ժամանակ չէ: Որքան էլ նման հայտարարություն անեն Բաքվում, հասկանալի է, որ միայն Ադրբեջանի ցանկությունները չէ, որ հաշվի են առնվում նման դեպքերում:
Ոչ վաղ անցյալում մի այդպիսի բանաձեւ հերթական անգամ շրջանառության մեջ էր դրվել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, որը Ադրբեջանը, ինչպես այս պարագայում, հետ կանչեց, սակայն պարզվեց, որ այդ «հետկանչը» ապահովվել էր Ադրբեջանի վրա ճնշումներով ինչպես Հայաստանի կապերի, այնպես էլ անմիջապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից:
Ինչեւէ, ըստ ադրբեջանական տեղեկատվության, բանաձեւի նախագիծն, այդուհանդերձ, մնում է օրակարգում ՆԱՏՕ ԽՎ հաջորդ նստաշրջանի համար, որը տեղի կունենա մայիսի 27-30-ը Բուլղարիայի Վարնա քաղաքում:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: