Monday, February 21, 2011

Լիբիայի խռովությունների կազմակերպիչների թվում կան նաև թուրքեր. Լիբիական պաշտոնաթերթ

Tert.am. 21-2-2011- Լիբիայում խռովություններ կազմակերպելու և Իսրայելի օգտին աշխատելու մեղադրանքով ձերբակալվել են մուսուլմանական մի շարք երկրների քաղաքացիներ, որոնց թվում կան թուրքեր։ Այս մասին է գրում թուրքական Hurriyet պարբերականը՝ վկայակոչելով Լիբիայի պաշտոնական լրատվամիջոցները։
«Լիբիայի տարբեր շրջաններում իրականացվող հակակառավարական ցույցերի և ստեղծված քաոսային իրավիճակի ետևում կանգնած են սիոնիստական ուժերին ծառայող որոշ մուսուլմանական երկրների ներկայացուցիչների կողմից կազմված խմբավորումներ, որոնց կազմում ներառված են Թունիսի, Եգիպտոսի, Սուդանի, Պաղեստինի, Սիրայի և Թուրքիայի քաղաքացիներ»,– ըստ Hurriyet-ի` գրել է լիբիական Jana News պաշտոնաթերթը:
Այդ խմբավորումների ցանցը, ըստ թերթի, ամեն կերպ փորձում է ապակայունացնել իրավիճակը Լիբիայում, ղեկավարվում է Իսրայելի ռազմական հետախուզության նախկին պետ Ամոս Յադլինի կողմից։ Jana News-ը հաղորդել է, որ դրանցում ընդգրկված անձինք նախկինում տարբեր առաջադրանքներ են կատարել Թունիսում, Մարոկոյում, Սուդանում, Լիբանանում և Իրանում, իսկ այժմ թափանցել են Լիբիա։ Այդ խմբավորումների անդամների որոշ մասը ձերբակալված է։ Վերջիններս Լիբիայում հրկիզել են հիվանդանոցներ, բանկեր, դատարաններ, ոստիկանական տեղամասեր և հասարակական շենքեր։
Ըստ Hurriyet–ի՝ Լիբիայի իշխանությունների կողմից Թուրքիայի քաղաքացիների հասցեին հնչեցրած նման մեղադրանքներից հետո Անկարան Լիբիայում իր դեսպանի միջոցով Տրիպոլիից պահանջել է այդ մեղադրանքերն ապացուցող մանրամասներ ներկայացնել։
Hurriyet–ը տեղեկացնում է նաև, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Լիբիայի առաջնորդ Մուամառ Կադաֆիի հետ։ Էրդողանը քննարկել է մասնավորապես Լիբիայից Թուրքիայի քաղաքացիների տարհանման հարցը։
Ըստ թուրքական ԶԼՄ–ների՝ ներկա պահին Լիբիայից տարհանվել է Թուրքիայի 581 քաղաքացի։

No comments: