Wednesday, February 2, 2011

Սաքունցը` վարչապետին. «Ինչո՞ւ մինչ այժմ որևէ պարզաբանում ՀՀ իշխանությունների կողմից Իրանից զենք գնել- վաճառելու մասին չի արվել»

Panorama.am. 1-2-2011- Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ պարզաբանումներ ստանալու WikiLeaks-ում ներկայացված տեղեկության մասին. «Հայաստանը , հանձինս իր կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, Իրանի Հանրապետությանն է վաճառել զենք, որը գնվել է Բուլղարիայի Հանրապետությունից»:

Մասնավորապես, կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը վարչապետից հետաքրքրվել է, թե ինչո՞ւ մինչ այժմ որևէ պաշտոնական պարզաբանումներ Հայաստանի իշխանությունների կողմից զենքի գնման և վաճառման օրինականության, վճարված գումարների աղբյուրների և ստացված եկամուտների օգտագործման վերաբերյալ չի հրապարակվել:

Առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 27 հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն, Ա.Սաքունցը խնդրել է տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե`

1. Հայաստանի Հանրապետությունն ինչքա՞ն գումար է ծախսել Բուլղարիայի
Հանրապետությունից զինամթերք գնելու համար;
2. Հայաստանի Հանրապետությունն ինչքա՞ն գումարով է վաճառել նույն զենքը և
զինամթերքը Իրանի Հանրապետությանը;
3. Հայաստանի Հանրապետության պետական ո՞ր մարմինն է որոշում կայացրել
Բուլղարիայի Հանրապետությունից զենք գնելու վերաբերյալ;
4. Հայաստանի Հանրապետության ո՞ր պաշտոնատար անձն է ստորագրել Բուլղարիայի Հանրապետությունից զենքի գնելու և

Իրանի Հանրապետությանը նույն զինամթերքը վաճառելու վերաբերյալ պայմանագրերը:
Նա նաև վարչապետից խնդրել է տրամադրել ՀՀ և Իրանի Հանրապետության միջև կնքված զենքի գնման վերաբերյալ պայմանագրի պատճենը:

Ա.Սաքունցը հիշեցնում է, որ համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի՝ քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5 օրյա ժամկետում:

No comments: