Tuesday, February 22, 2011

Չարլի Չապլինը ծնվել է գնչուհու ծածկասայլում. Daily Mail

Մեծ կատակերգու Չարլի Չապլինի մասին նրա արխիվում պահվող նամակների շնորհիվ հայտնի են դարձել մինչև օրս անհայտ կենսագրական մանրամասներ։ Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, անգլիացի Չապլինը ծնվել է մի գնչուհու ծածկասայլում, որը եղել է նրա մոր ազգականուհին։
Այս տեղեկությունը բացահայտվել է վերջերս Չապլինի երեխաների հայտնաբերած նամակում, որը պահվել է դերասանի գրասեղանի դարակում։ Նամակն ուղարկվել է կատակերգուի քեռորդու՝ Ջեք Հիլլի կողմից։ Նամակի տեքստից հայտնի է դառնում, որ Չապլինը ծնվել է Բիրմինգհեմի շրջակայքում, որը գտնվում է Անգլիայի կենտրոնական մասում՝ Սմեթուիք փոքր քաղաքի մոտ։
«Ողջուն Չարլի,- գրել է Ջեքը։- Եթե ուզում ես իմանալ, դու ծնվել ես ծածկասայլում, ինչպես և ես։ Դա շատ լավ ծածկասայլ էր և պատկանում էր գնչուների թագուհուն, որը իմ բարեկամուհին էր։ Դու ծնվել ես Բլեք Փեթչում՝ Սմեթուիքում։ Այնտեղ ծնվել եմ նաև ես երկուսուկես տարի հետո։ Քո մայրը հետո հեռացել է քո հոր կրկեսի հետ, իսկ հետո բնակություն հաստատել Լոնդոնում, բայց թե որտեղ՝ ես չգիտեմ»։
Մինչ այս բացահայտումը համարում էին, որ բրիտանացի կատակերգուն ծնվել է Լոնդոնում՝ մյուզիք-հոլլի դերասանների ընտանիքում, իսկ նրա ծնողները՝ Չարլզ Սպենսեր Չապլին ավագը և Հաննա Չապլինը, եղել են էստրադային դերասաններ։
Չարլի Չապլինի որդու՝ Մայքլի խոսքերով՝ իր հայրն այդ նամակը կողպված էր պահում գրասեղանի դարակում։ Կատակերգուն շատ նամակներ էր ստանում մտացածին պատմություններով, բայց անմիջապես վերացնում էր դրանք։ Ջեքից ստացած այս նամակը նա պահել է։

No comments: