Sunday, March 6, 2011

Կյանքից հեռացավ իրանահայ աստղաֆիզիկոս Ալենուշ Տերյանը

Մարտի 4-ին, 91 տարեկան հասակում, հավերժորեն աչքերը փակեց Իրանի առաջին կին աստղագետ, ֆիզիկոս, Թեհրանի արևային աստղադիտարանի հիմնադիր-տնօրեն՝ 1964թ., Թեհրանի պետական համալսարանի (ԹՊՀ) առաջին կին դասախոս, ԹՊՀ Գեոֆիզիկայի և աստղաֆիզիկայի հաստատության հիմնադիր, «Իրանի աստղագիտության մայր» և «Մնայուն դեմք» կոչումների արժանացած դոկտ. Ալենուշ Տերյանը:
Ալենուշ Տերյանը ծնվել է 1920թ. Թեհրանում: 1947թ. ավարտել է ԹՊՀ Գիտության ֆակուլտետը և նույն տարվա սեպտեմբերից աշխատել իր ավարտած համալսարանի ֆիզիկայի լաբորատուրայում:
1956թ. դոկտորական կոչումով ավարտել է Փարիզի Սորբոն համալսարանը ու թեև Սորբոնում իրեն դասախոսության աթոռ էինա ռաջարկում, նա գերադասում է վերադառնալ ծննդավայր և ծառայել Թեհրանում:
1961թ. Արևմտյան Գերմանիայի Հանրապետությունում արևային ֆիզիկայի աստղադիտարանի 4 ամսյա վերապատրաստման շրջան է անցկացնում:
1964թ. արժանանում է դասախոսի կոչման, այդպիսով դառնում Իրանի առաջին կին դասախոսը:
1966թ. ընտրվում է ԹՊՀ Երկրաֆիզիկայի կոմիտեի անդամ, երեք տարի անց՝ Երկրաֆիզիկայի հիմնարկի արևային ֆիզիկայի հետազոտությունների խմբի նախագահ: Նույն տարվանից սկսում է աշխատել արևային ֆիզիկայի աստղադիտարանում:
1979թ. ավելի քան 30-ամյա դասախոսական շրջանից հետո, թոշակի է անցնում իր իսկ խնդրանքով:
2003թ. նրա կյանքի մասին վավերագրական ֆիլմ է պատրաստվել Իրանի ԻՀ Ռադիոհեռուստատեսության պատվերով՝ «Դեպի արևը» անվամբ:
2006թ. ԻԻՀ նախագահ դոկտ. Մահմուդ Ահմադինեժադի կողմից արժանացել է գնահատանքի և շքանշանի:
2010թ. դեկտեմբերի 9-ին, արժանացել է ՀՀ Վիկտոր Համբարձումյանի անվան հուշամեդալին:
Ալենուշ Տերյանն այնքան խորացավ գիտության մեջ, որ մոռացավ իրեն՝ նա երբեք չամուսնացավ: Իր տունն էլ նվիրեց Սպահանի հայոց թեմին՝ անօթևան ուսանողներին օգնելու կտակով:
Նա իր կյանքի վերջին տարիները անցկացրեց ծերանոցում: Ծերանոցում հայտնվելուց որոշ ժամանակ անց, պետական և համայնքային մարմինների կողմից մեծ գիտնականի նկատմամբ դրսևորված անտարբերությունը բողոք հոդվածով հրապարակ հանեց պարսիկ լրագրողներից մեկին, որից հետո դոկտ. Ալենուշ Տերյանն հայտնվեց ուշադրության կենտրոնում, նույնիսկ անցյալ տարի «Արարատ» մարզավանում շուքով տոնվեց նրա ծննդյան 90-ամյակը:
Դոկտ. Ալենուշ Տերյանի վախճանով իրանահայ համայնքը կորցրեց իր մեծերից մեկին այդ տխուր առիթով «Արաքս» շաբաթաթերթը իր խմբագրության, աշխատակազմի և ընթերցողների անունից ցավակցում է անվանի գիտնականի հարազատներին, Իրանի գիտական և համալսարանական շրջանակներին և ինչու չէ նաև ողջ հայ ժողովրդին ու հատկապես իրանահայ համայնքին:

No comments: