Sunday, March 6, 2011

Հայ կնոջ նվիրված ձեռնարկ Թեհրանի ՀԲԸՄ-ում

Երեկ, մարտի 5-ին, Հայկական բարեգործական ընդհանուր միության Թեհրանի մասնաճյուղի կենտրոնատեղիում նույն միության Կանանց բաժանմունքի նախաձեռնությամբ կայացավ հետաքրքիր մի ձեռնարկ՝ «Կինը տարբեր ազգերի մոտ» խորագրով:
Սույն ձեռնարկին իրենց ներկայությունն էին բերել ԹՀԹ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, թերթիս խմբագիր Մովսես Քեշիշյանը, միությունների և մամուլի ներկայացուցիչներ և իհարկե միութենականներ:
Բացման խոսքով հանդես եկավ միության Վարչության քարտուղար Աիդա Սողոմոնյանը: Ապա ծրագրի ընթացքում հերթով ներկայացվեց՝ «Չինացի կինը»՝ Մարիա Ղազարյան, «Ռուս կինը»՝ Նվարդ Գալստյան, «Հնդկուհին»՝ Աիդա Սողոմոնյան, «Իսպանուհին»՝ Մառի Մարտիրոսյան, «Ճապոնուհին»՝ Լիդա Զինագործյան, «Պարսկուհին»՝ Ռիթա Գարակուլակյան և «Հայ կինը սփյուռքում»՝ Աստղիկ Բաբայան:
Միության նախագահ Աստղիկ Բաբայանը, ով նաև ձեռնարկի պատասխանատուն և համադրողն էր, իր խոսքերում նշեց, որ «Հայ ժողովրդի դառը պատմությունը հայ կնոջ դարձրեց զգաստ և զոհաբեր: Նա և՛ կին էր և՛ մայր և՛ ուսուցիչ»:
Ապա ՀԲԸՄ Վարչության կողմից, ամենամյա սովորության համաձայն, մեծարվեց միության գործունյա անդամուհիներից մեկը, այս անգամ՝ տիկին Մարիամ Բեգյանը, ով իր հուշանվերը ստացավ Սրբազան Հոր ձեռքից:
Այնուհետ հավուր պատշաճի խոսեց թեմիս բարեխնամ Առաջնորդը: Նա շեշտեց, որ «Հայ մայրը հին անցյալում տան քրմուհին է եղել, հետո՝ քահանան ու միշտ հերոսուհին»:
Ձեռնարկին հատուկ հմայք էր տալիս յուրաքանչյուր ելույթին համապատասխան բեմ բարձրացող ազգային տարազով կինը, որի համար բավական բծախնդիր աշխատանք էին տարել միութենականները:
Հանդիսականներին մեծ հաճույք պատճառեց նաև մեներգով հանդես եկող Զորիկ Ֆարհադյանը:
Վերջում ներկաները հյուրասիրվեցին միության Կանանց բաժանմունխի նրբաճաշակ անդամների կողմից պատրաստված ուտեստներով:

No comments: