Saturday, March 5, 2011

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստաղաֆիզիկոս Արթուր Պողոսյանին

Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստաղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանին: 2006թ. նոյեմբերի 17-ին` 15 տարեկան հասակում Ա.Պողոսյանը նոր աստղ է հայտնաբերել:
Ա.Պողոսյանը ծնվել է 1991թ. հոկտեմբերի 5-ին Մարտունիում: Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն` Բաշկիրիայի Հանրապետության Օկտյաբրսկ քաղաք: Սովորել է տեղի N12 միջնակարգ դպրոցում: Էքստերն հանձնելով քննությունները` ստացել է միջնակարգ դպրոցի 9-րդ և 11-րդ դասարանների ավարտական վկայականներ: Տասնութ տարեկանում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում: Ուսումնասիրում է լույսի արագությունը, նոր բացահայտումներ է կատարել այս բնագավառում:
2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, և 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյանը, առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք:
Ողջունելով երիտասարդ տաղանդավոր հայազգի գիտնականին և հպարտությամբ ու հիացմունքով շնորհավորելով մեծ նվաճումների առթիվ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթեց նրան նորանոր հաջողություններ: Հ.Հակոբյանը նշելով Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծ ներուժի և գիտության տարբեր բնագավառներում ունեցած նվաճումների մասին` կարևորեց այն ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման և հզորացման օգտագործելու անհրաժեշտությունը:

No comments: