Saturday, March 5, 2011

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

«Լրագիր» 5-3-2011- Արդեն “ավանդույթ” է դառնում, որ Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման օրերին Ադրբեջանը զինված հարձակումներ է իրականացնում հայկական կողմի դեմ:
Այսօր Սոչիում հանդիպելու են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները: Նախօրեին, մարտի 4-ին, ժամը 14:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Վերին Չայլու) ուղղությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման արդյունքում զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող 1991թ. ծնված Գրիգոր Արամի Շախկանյանը:
Նախորդ` Սանկտ Պետերբուրգում 2010 թ. հունիսի 17-ի եռակողմ հանդիպումից անմիջապես հետո, հունիսի 18-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ՊԲ դիրքերից մեկը: “Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ զինվորներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները կրելով կորուստներ դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղյան կողմը”, հաղորդել էր ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը:

Հաջորդ` 2010 թ. հոկտեմբերի 27-ին Աստրախանում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը նախագահները ստորագրեցին համաձայնագիր ռազմագերիների եւ դիակների փոխանակման մասին:

Ահա այսպիսի եռակողմ հանդիպումներ:

No comments: