Tert.am. 28-3-2011- Բելգիայի մայրաքաղաքում կազմակերպված «Բրյուսելյան ֆորումի» ժամանակ Եվրահանձնաժողովի ընդլայնման հարցերով կառույցի գլխավոր տնօրեն Մայքլ Լեյգը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիայի պետնախարար, ԵՄ հարցերով գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշին։Ինչպես գրում է թուրքական «Աքշամ» (Aksam) օրաթերթը, ԱՄՆ–ի գերմանական Մարշալ հիմնադրամի կողմից կամզակերպված ֆորումի ժամանակ ելույթով հանդես է եկել նաև Էդգեմեն Բաղըշը։
Ելույթից հետո Թուրքիայի գլխավոր բանագնացին որոշ հարցեր է ուղղել Մայքլ Լեգը, ով բացահայտորեն քննադատել է Անկարային՝ Թուրքիայում տիրող խոսքի ազատության անմխիթար վիճակի, «Էրգենեքոնի» դատավարության համար։
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան թուրք բանագնացին քննադատել է նաև Կարսում կանգնեցված հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամություն խորհրդանշող կոթողն ապամոնտաժելու մասին կայացրած որոշման համար՝ ակնարկելով, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հնչեցրած խոսքերն իրականացվող քայլերին չեն համապատասխանում։
Ի պատասխան Լեյգի հետևյալ հարցին՝ «Մի կողմից խոսքում եք «հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության մասին, մյուս կողմից քանդում Հայաստանի հետ բարեկամություն խորհրդանշող հուշարձանը։ Ինչպե՞ս հասկանանք այդ հակասական մոտեցումները», Բաղըշը պատասխանել է. «Արձանն ապամոնտաժելու որոշումը որևէ առնչություն չունի Հայաստանի հետ։ Այն ապամոնտաժվում է ոչ թե այն բանի համար, որ խորհրդանշում է հայ և թուրք ժողովուրդների միջև բարեկամությունը, այլ՝ որ չի համապատասխանում քաղաքի ճարտարապետական տեսքին»։
Լեյգը ընդգծել է, որ ԵՄ–ն մտահոգված է Թուրքիայում տիրող խոսքի ազատության վիճակով ,մասնավորապես, վերջին օրերին թուրք լրագրողների ձերբակալություններով։
Փորձելով փարատել ԵՄ բարձրաստիճան պաշտոնյայի մտահոգությունները՝ Էգեմեն Բաղըշը կրկնել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը. «Թուրքիայի նախագահն էլ էր մտահոգություն հայտնել տեղի ունեցածի առնչությամբ։ Սակայն դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում նշվում է, որ լրագրողների ձերբակալությունները որևէ առնչություն չունեն նրանց մասնագիտության հետ։ Ձերբակալությունները տեղի են ունեցել ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում։ Մի քիչ համբերատար լինենք և սպասենք մեղադրական եզրակացությանը»։
Մայքլ Լեգը մտահոգություն է հայտնել նաև «Էրգենեքոնի» դատական գործընթացի առնչությամբ, ինչին ի պատասխան Թուրքիայի գլխավոր բանագնացն ասել է, թե «Թուրքիայի վերաբերյալ զեկույցում նշվում էր, որ «Էրգենեքոնի» դատավարությունը հարմար առիթ է Թուրքիայի համար թափանցիկության և ժողովրդավարության տեսանկյունից»։
ԵՄ պաշտոնյային սակայն չի գոհացրել թուրք պետնախարարի պատասխանը և այդ առնչությամբ հայտարարել է. «Ես այլ բան եմ հիշում։ Եվս մեկ անգամ կնայեմ զեկույցը։ Սակայն ըստ իս՝ զեկույցում նշվում է, որ «Էրգենեքոնի» դատավարությունը պետք է ընթանա օրենքի գերակայության սկզբունքի շրջանակում»,– ասել է Լեյգը։

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment