Thursday, March 31, 2011

Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրեց հացադուլը. նա մեջբերեց Մահաթմա Գանդիին

Tert.am. 30-3-2011- Խորհրդանշական հացի օրհնությամբ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր դադարեցրեց հացադուլը։
Ազատության հրապարակում իր հացադուլի (որ ինքը կոչում է «Ծոմ ազատության») 15-րդ օրը ժողովրդին ուղղված իր խոսքում նա հայտարարեց հացադուլը դադարեցնելու մասին։ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանին նա խնդրեց խորհրդանշական հացի օրհնությամբ «ազատության տոնի առաջին արարը ավարտված համարել»։
«Բայց սա դեռ չի նշանակում, որ մեր պայքարը ավարտվում է»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հոգևոր սպասավորը աղոթք ասաց, որից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը հացից մի կտոր կտրեց ու կերավ։
Ազատության հրապարակում ժողովրդին ուղղված իր ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանը սկսեց Մահաթմա Գանդիի հետևյալ խոսքերով. «Նախ անտեսում են քեզ, հետո արհամարհում, հետո հարձակվում են քեզ վրա, իսկ հետո դու հաղթում ես»։
Հայտարարելով «Ազատության ծոմի առաջին արարի ավարտի» մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ինքն այդ որոշումը կայացնում է ոչ միայն հացադուլը դադարեցնելու մասին իրեն ուղղված բազմաթիվ կոչերի պատճառով, այլև այն պատճառով, որ երեկ բժիշկներն իրեն ասել են, որ ինքը թևակոխում է առավել վտանգավոր և անկանխատեսելի շրջան։
Հովհաննիսյանը նշեց, որ վաղը լրանում է իր դստեր՝ Շուշիի 18-ամյակը: «Նրան շնորհավորելու համար ես հաշիվ եմ տալու նաև իմ ընտանիքի առաջ»,- ասաց Հովհաննիսյանը։
«Ժառանգության» առաջնորդը մի քանի անգամ շեշտեց, որ հացադուլի դադարեցմամբ պայքարը չի ավարտվում, ավելին, այն պետք է շարունակվի «նոր շնչով, նոր լիցքով, նոր բանաձևով և նոր Հայաստանի նոր հավատամքով»։ «Սա մի երկար շղթայի մի փոքր օղակն է, որ տեղի ունեցավ այս հրաշալի հրապարակում վերջին 15 օրերի ընթացքում։ Ես և մենք միասին դարձյալ պետք է վերադառնանք հրապարակ և ամբիոններ, սահմանից սահման, ու նաև մայրաքաղաք, հաջորդիվ քաղաքական և քաղաքացիական գնահատական տալով մեր երկրի առջև կանգնած մարտահրավերներին, գործող իշխանության իրական պահվածքին, ընդդիմության շատ լուրջ հիմնախնդիրներին և առաջին հերթին՝ այն քայլերին, միջոցներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և հայ ժողովրդի համար»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ իր խոսքից հետո Ազատության հրապարակում ելույթով հանդես կգան «Կարին» համույթը և Ռուբեն Հախվերդյանն ու նրա ընկերները։

No comments: