Wednesday, March 30, 2011

«Թուրքիայում հայ լինելը «հարամ» էր. Ստամբուլաբնակ Մարին պատմում է իր կյանքի պատմությունը

Panorama.am.29-3-2011-Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող «Մեքան» ռեստորանը մշտապես լիքն է այցելուներով: Ամեն այցելուի անձամբ մոտենում, ջերմորեն բարևում ու զրուցում է հենց ինքը` ռեստորանի տնօրենը` Մարի Զաքարյանը (Էսգիջի):
Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում ծնված հայուհին թուրքական «Ռադիքալ»(Radikal) օրաթերթին պատմել է իր կյանքի պատմությունը, ներկայացրել Թուրքիայում հայ լինելու դժվարությունները:
Մարին ներայումս կրում է «Էսգիջի»ազգանունը.-« Դիարբեքիրում դժվար ժամանակներ են եղել: Պապերս «Զաքարյան» ազգանվան պատճառով չեն կարողացել աշխատանք գտնել: Դրա համար էլ հրաժարվել են հայկական ազգանունից»,- ասում է Մարին:
Մարին պատմում է նաև, որ հայերեն խոսել են միայն ընտանիքում, և, երբ մահմեդական հարևաններից մեկը վրա է եկել, անմիջապես հայերեն նախադասությունը շարունակել են քրդերենով:
«Մենք ստիպված ենք եղել մեծամասամբ ապրել որպես մահմեդականներ:Եվ նույնը արել են մեզ նման հազարավոր հայ ընտանիքներ: Աղոթում էինք նկուղում ապա խաչը հանում ու նկուղից դուրս գալիս»,-ասում է Մարին:
Հայուհին հիշում է նաև իր դժվար մանկությունից տհաճ մի միջադեպ, որը չի մոռացել մինչ օրս,- «Ես գեղեցիկ երեխա էի` կապուտաչյա, ճերմակամաշկ: Բոլորը ինձ սիրում էին: Մի օր էլ մեր հարևաններից մեկը մոտեցավ, սիրեց ապա ասեց. « Գնամ լվացվեմ, ամեն դեպքում սա հարամ է»: Այսինքն հայ լինելը հարամ էր: Դա ես հիշում եմ մինչև հիմա»:

Եվ վերջում Մարին ավելացնում է, որ հիմա Թուրքիայում մարդիկ փոխվել են, և լրագրողի այն հարցին, թե «Հայաստանի հետ վատ հարաբերությունները քո կյանքի վրա կարո՞ղ են ազդել», նա ասել է,- «Ես այս հողում եմ ծնվել: Ով՞ կարող է ինձ վախեցնել»:

No comments: