Monday, March 28, 2011

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՈՒՆՏ. ԱԶՆԻՎ ՉԱՓԱՆԻՇ

«Լրագիր» 28-3-2011- Ինչքան հնարավոր է խմբավորել եմ իշխանական, ընդդիմադիր եւ էքսպերտային դաշտի կարծիքները եւ հանգել այն հետեւության, որ սոցիալական բունտը խիստ անցանկալի երեւույթ է երեք դաշտերի համար էլ: Անվերջ պնդումներն այն մասին, որ Հայաստանում չի կարող լինել սոցիալական բունտ, քանզի այդ երեւույթն անհարիր է մեր ժողովրդի վեհ, ազնիվ, վախկոտ, ծառայամիտ բնույթին (մակդիրն ընտրեք ինքներդ), բերում են այն մտավախության, որ բոլորն ինչ-որ չափով զգուշանում են սոցիալական բունտից:
Մինչդեռ սոցիալական բունտը լուրջ երեւույթ է, դա այն հիմքն է, որի վրա սկսում է խարսխվել սոցիումը, նույն այն հասարակությունը, որի բացակայությունը մենք կոլեկտիվ սգում ենք: Ի դեպ, սոցիալական բունտը եվրոպական երկրներում պարտադիր հաջորդել է կապիտալի յուրացման էտապին, որ մենք ռոմանտիկ անվանում ենք կապիտալի նախնական կուտակում: Այդ բունտի ընթացքում սկսում են ձեւավորվել պահանջների ձեւակերպումները (քանզի չձեւակերպված պահանջը չի կարող բավարարվել) եւ հստակվել պետական մեխանիզմները (ռեպրեսիաներից մինչեւ զիջումներ): Հենց այս գործընթացի դեպքում հասարակությունն ընկալում է, որ ինքը պետական մեքենայի վրա լծակներ ունի, որոնք ավարտվում են սոցիալական երաշխիքների ապահովմամբ եւ կենսամարդակի անմիջական բարձրացմամբ:
Ի դեպ, ի տարբերություն հեղափոխության, սոցիալական բունտն ի զորու է հաղթանակի դեպքում ապահովել հասարակական կոլեկտիվ գործողությունների անմիջական արդյունք, քանզի հեղափոխական շարժումները երկարաժամկետ եւ անորոշ վերջաբանով գործընթացներ են:
Ինչու է Հայաստանում սոցիալական բունտի տեսլականն այդքան անցանկալի:
Առաջին եւ հիմնական պատճառը տնտեսական բաղկացուցիչն է: Հայաստանի պես երկրում անհնար է դնել տնտեսական պահանջ եւ դրա բավարարումն ապահովել ազատ լրացուցիչ ռեսուրսներից - այդ ռեսուրսներն ուղղակի չկան:
Ի դեպ, տնտեսական բաղկացուցիչը մեր բոլոր հեղափոխական շարժումների ամենաամոթխած տարրն է: Ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր դաշտերում չի հստակեցվում, թե տնտեսական ռեսուրսը ինչպես է վերաբաշխվելու (իսկ Հայաստանում հնարավոր է միայն վերաբաշխում): Դրա համար ֆրազներ են հնչում լափելու, յուրացնելու կամ էլ բարելավելու ու բարեփոխելու մասին, սակայն երկուսն էլ, չնայած բեւեռային բովանդակությանը, նույն դաշտից են, քանզի երկու դեպքում էլ նշված չեն աղբյուրներն ու մեխանիզմները, եւ ամենակարեւորը մարդկային ռեսուրսի մասնակցությունն անպայմանորեն պասիվ է, քանզի ակտիվ գործողությունը դեռ չի նշանակում ակտիվ մասնակցություն:
Իսկ սա սոցիալական բունտի մյուս հատկանիշն է: Այդ բունտի ընթացքում անհատներն իրենք են ձեւավորում ընդհանուր պահանջներով միավորված մոբիլ խմբեր, իրենք են առաջ քաշում լիդերին, իրենք են ձեռք բերում տնտեսական եւ քաղաքական իրավագիտակցություն, դառնում են ինքնուրույն հասարակական միավոր եւ հասարակական օղակ, կարճ ասած` ստեղծում են իրադրություն եւ կառավարում այն:
Բոլորը Հայաստանում վախենում են այդ ինքնուրույն միավորներից, քանզի ի վերջո նրանք անպայման դառնում են անկառավարելի: Իսկ մեզ մոտ կյանքի ողջ բերկրանքը կառավարման մեջ է, եւ կառավարման տիպը նշանակություն չունի…

ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆ

No comments: