Saturday, March 5, 2011

Հայաստանը զիջումներ պետք է կորզի Ադրբեջանից՝ հանրաքվեի ժամկետը հստակեցնելու առումով. Վլադիմիր Կարապետյան

Tert.am. 5-3-2011- «Հայաստանը զիջումներ պետք է կորզի Ադրբեջանից՝ հանրաքվեի ժամկետը հստակեցնելու առումով, ինչպես դա արվել է անցած տարվա հունվարի 25-ին Սոչիում կայացած հանդիպմանը, և ինչի մասին են վկայում «Վիկիլիքսի» բացահայտումները»,- Tert.am–ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ պետք է անի Հայաստանը, երբ Ադրբեջանը բանակցություններում պահանջում է «ամեն ինչ»։
Ավելի վաղ Վլադիմիր Կարապետյանը հայտարարել էր, որ հայկական կողմը Սոչիի հանդիպմանը պետք է կոշտացնի իր դիրքորոշումը՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղի ներգրավումը բանակցային գործընթացին։
Հարցին, թե ուրիշ ինչ կերպ կարող է դրսևորվել հայկական կողմի դիրքորոշման կոշտացումը, Կարապետյանը պատասխանեց. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի դիրքորոշման կոշտացումը նշանակում է, որ հայկական կողմը պետք է ամուր պահպանի իր դիրքերը և չգնա որևէ զիջման»։
Նրա խոսքով՝ որևէ միակողմանի զիջում անընդունելի է։ «Մադրիդյան փաստաթղթում ամրագրված որևէ դրույթից հետքայլը կլինի զիջում»,– ասաց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է նախագահների այսօրվա հանդիպումից ակնկալիքներին, ՀԱԿ ներկայացուցիչը նշեց. «Սա Ռուսաստանի հովանու ներքո կազմակերպվող արդեն 8–րդ հանդիպումն է։ Կարծում եմ՝ միջնորդները մտածելու բան ունեն»։
Նշենք, որ այսօր Սոչիում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

No comments: