Saturday, March 5, 2011

ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԵՎ ՔԱՀԱՆԱ ՍԱՆՏՈՐՈՅԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ՈԳԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ ՏՐԱՊԻԶՈՆՈՒՄ

Սպանություններով հպարտանում է ազգային կրթության քաղաքային վարչությունը
«ԱԶԳ, 05-03-2011- Մեր հայրենակից Հրանտ Դինքի սպանությունից հետո տասնյակհազարավոր թուրք մարզասերներ տարբեր քաղաքների մարզադաշտերում ինքնամոռաց բացականչում էին. «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք»: Այս բացականչությունները հայ սպանելու պատրաստակամության արտահայտություններն էինՙ համեմված մարդասպանի հանդեպ բարի նախանձով: Ակնհայտ է, որ հայ սպանելու դեպքում մարզասերը հպարտանալու առիթ էր ձեռք բերելու, նրա հպարտությունից իրենց բաժինը անշուշտ ստանալու էին նաեւ մյուսները, իսկ դա Թուրքիայի պարծանքն էր դարձնելու մարզասերների «Մենք բոլորս Օգյուն Սամասթ ենք» բացականչող ոհմակին:
Այլ կերպ, երբ խոսքը Թուրքիայում հային է վերաբերում, մարզադաշտը չի տարբերվում կառափնարանից, իսկ մարզասերըՙ ստոր մարդասպանից: Քանի որ վերջինին չեն ներգրավում սպանության մեջ, ուստի նա սպանությամբ հպարտանալու փոխարեն ստիպված է լինում բավարարվել մարդասպանին նախանձելով:
Այն, ինչ չի հաջողվում անել մարդասպան ստահակից չտարբերվող թուրք մարզասերին, արել է Տրապիզոնի նահանգի ազգային կրթության քաղաքային վարչությունը: Մարտի 2-ին Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջի «Հաբերթուրք» թերթից արտատպած հոդվածի համաձայն, Տրապիզոնի ազգային կրթության վարչության պաշտոնական trabzon.meb.gov.tr կայքը քաղաքի ճանաչողության նպատակով նյութ է հրապարակել, որտեղ պատմության եւ մշակույթի մասին տեղեկությունների կողքին հիշատակվում է Հրանտ Դինքի անունը, ընդգծելով հպարտությամբ, թե նրա սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը բնիկ տրապիզոնցի է:
Այդ կայքում ազգային կրթության քաղաքային վարչությունը միաժամանակ հպարտորեն նշել է, որ կաթոլիկ քահանա Անդրեա Սանտորոն սպանվել է Տրապիզոնում, եւ տրապիզոնցիները ցույցի պահին փորձել են Լինչի դատաստանի ենթարկել «Բռնադատվածների եւ կալանավորների ընտանիքների հետ համերաշխության» միության անդամներին:
Տրապիզոնի ազգային կրթության վարչության պաշտոնական կայքում քաղաքի ճանաչողության նպաստելու առաջադրանքով տեղադրված 8 էջանոց այս նյութը նախ շփոթմունք է պատճառել թուրքական կենտրոնական թերթերին, ապա առաջ է բերել բուռն հակազդեցություն: Մամուլի արձագանքից հետո վարչությունը հրապարակումից հանել է հոդվածի այն հատվածը, որը վերաբերում է Հրանտ Դինքի, քահանա Սանտորոյի սպանությանն ու Լինչի դատաստան տեսնելու փորձին:
Դրա առնչությամբ կրթության քաղաքային վարչության պետն ասել է, որ թյուրիմացություն է կատարվել, իսկ Ժողովրդա-հանրապետական կուսակցության քաղաքային վարչության նախագահ Գյուլջան Օզգյուլը, դատապարտելով կատարվածը, ավելացրել է. «Ոչ մի կերպ հավանություն չեմ տալիս: Տրապիզոնը պատմական կարեւորություն ունեցող քաղաք է: Քաղաքի դեմ երկար ժամանակ դավեր են նյութում: Հատկապես փորձում են ցույց տալ, թե ոչ մահմեդականների եւ էթնիկ այլ խմբավորումների դեմ հակակրանքը համատարած բնույթ է կրում Տրապիզոնում: Սա սխալ մոտեցում է եւ բանականությանը հակասող: Մեր կուսակցությունը հետամուտ է լինելու այս գործի բացահայտմանը»:
Ի դեպ, «Բռնադատվածների եւ կալանավորների ընտանիքների հետ համերաշխության» միության անդամներին Լինչի դատաստանի ենթարկելու փորձը Տրապիզոնում կատարվել էր 2003-ի մայիսի 26-ին, 2006-ի փետրվարի 5-ին աղոթելու ժամանակ սպանվել է կաթոլիկ Սանտա Մարիա եկեղեցու քահանա Սանտորոն, իսկ 2007-ի հունվարի 19-ին Օգյուն Սամասթ կոչեցյալ ստահակը «Ակօսի» խմբագրատան առջեւ սպանել էր Հրանտ Դինքին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ

No comments: