Monday, March 7, 2011

Մեծ պահքը սոսկ դիետա չէ. հիշեցնում է եկեղեցին

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքի շրջանը: Այն տևում է 48 օր՝ Բուն բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Այս տարի Ս. Հարության տոնը կնշվի ապրիլի 24-ին:
Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու անօգուտ է:
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը։ Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ իր ծոմապահության:
Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում: Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր՝ Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:
Մեծ պահքն այս տարի կիսվում է մարտի 30-ին և կոչվում է միջինք: Ժողովրդական սովորության համաձայն այդ օրը բաղարջից պահոց գաթա են պատրաստում, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին է հասնում մետաղադրամը, հաջողություն է բերում:
Մեծ պահքի շրջանում վաղնջական կանոններով արգելված են եղել պսակադրությունները և մատաղը: Սակայն Վազգեն Ա կաթողիկոսի շրջաբերականով խիստ անհրաժեշտության դեպքում թույլատրվեց պսակադրություն կատարել Մեծ Պահքի շաբաթ և կիրակի օրերին, բացառապես Ավագ շաբաթվա բոլոր օրերի:
Եկեղեցական ավանդության համաձայն` երեք տեսակի պահքեր գոյություն ունեն: Առաջինը սովորական պահքն է` կենդանական ծագում ունեցող սննդից (բացառությամբ մեղրի) և ոգելից խմիչքներից հրաժարումը: Երկրորդը սրբապահքն է` հրաժարումը նաև բուսական ծագման` ընդհուպ մինչև սոսկ աղուհացով սնվելը (Մեծ պահքի շրջանը կոչվում է նաև Աղուհացի շրջան): Երրորդը ծոմն է` միառժամանակ ընդհանրապես հրաժարումը սննդից և անգամ ջրից:
Իհարկե, կարելի է նկատի առնել պահքի օգտակարությունը նաև բժշկական տեսակետից, հատկապես Մեծի պահոց շրջանում, քանի որ գարնանամուտն առանց ճարպային, կենդանական սննդի անցկացնելը դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է` նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Պահքը չի սահմանափակվում միայն կենդանական սննդից հրաժարումով, այն առաջին հերթին հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, մեղանչական մտքերից, խոսքերից ու գործերից մաքրվելն է, զղջմամբ ու ապաշխարությամբ աստվածահաճո և առաքինի կյանքին դառնալը: Պահոց շրջանում կարևոր է հոգևոր շնորհների ու հատկապես եղբայրասիրության մեջ զորանալը, քանի որ, ինչպես Եզնիկ Կողբացին է ասում. «Մեկը կարող է կենդանու միս չուտել, բայց անընդհատ իր եղբոր միսը ծամել»։

No comments: