Tuesday, March 29, 2011

Սիրիահայ համայնքի ներկայացուցիչ. Համայնքն իրեն շատ լավ է զգում եւ շարունակում է ապրել բնականոն հունով

News.am. 29-3-2011- Սիրիայի հայ համայնքն իրեն շատ լավ է զգում եւ շարունակում է ապրել բնականոն հունով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց սիրիահայ համայնքի ներկայացուցիչ, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմպերճյանը։
Նրա խոսքով, հանգիստ եւ խաղաղ է ոչ միայն հայ համայնքը, այլեւ Սիրիայում առկա քաղաքական իրավիճակը։ «Սիրիայի մասին դրսի լուրերը շատ չափազանցված են։ Երկրում որեւէ վտանգ չկա։ Մենք այստեղ ենք ապրում, սակայն վտանգավոր որեւէ բանի ականատես չենք։ Լուրերը հարյուրավոր անգամ չափազանցված են»,- ընդգծեց Չեմպերճյանը։
Ամփոփելով՝ նա հիշեցրեց, որ հայ համայնքը, ինչպես եւ առաջ, ներկայումս էլ աջակցում է երկրի գործող իշխանություններին։
Նշենք, որ օրեր առաջ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում իրավապահները ցրել էին մի քանի տասնյակ հոգանոց ցույցը: Ցույցը տեղի էր ունեցել ներքին գործերի նախարարության առջեւ: Ականատեսների վկայությամբ, եղել են վիրավորներ, մի քանի հոգի ձերբակալվել է:

Չնայած կառավարության կողմից դրված պաշտոնական արգելքին՝ Դամասկոսի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ակցիայի էին դուրս եկել, որի ընթացքում պահանջել էին քաղբանտարկյալների ազատ արձակում:

Բողոքի ակցիան սկսել էին 21 քաղբանտարկյալների ընտանիքները: Որոշ ժամանակ անց տեղի էր ունեցել ռեժիմի կողմնակիցների հակաակցիան, որի ժամանակ հնչել էր «Պաշտպանե´նք սիրելի նախագահին մեր ոգով, մեր արյունով» կոչը: Ի դեպ, այսօր եւս Սիրիայում բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանական ուժերի միջեւ:

No comments: