
“Պետք է մեկ անգամ ևս շեշտեմ, որ հարցի նշանակությունը չափազանց մեծ է և մեր պետության, և մեր հասարակության, և նաև տարբեր շահարկումներից խուսափելու համար: Սա էլ է էական հանգամանք: Անձնապես ինձ համար սա շատ կարևոր հարց է, և ձեզ ուղղված իմ պահանջն է` կրկին և առավել մանրակրկիտ անդրադառնալ նույնիսկ այն հանգամանքներին, որտեղ ըստ ձեզ որևէ նոր բան չի կարող լինել: Փորձեք այդ դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել”, հայտարարել է Սերժ Սարգսյանը:
Նրա այդ հայտարարությունը փաստացի կարելի է համարել Հայ ազգային կոնգրեսի հնչեցրած երեք պահանջներից մեկի կատարում: Խոսքը մարտի 1-ի բացահայտման պաշտոնական հավաստիացման մասին է: Սարգսյանի խոսքում այդպիսի հավաստիացում չկա, բայց եթե նա հայտնում է ակնկալիք մարտի 1-ի բացահայտման գործի նոր թափի հարցում, դա մեծ հաշվով բավական կոնկրետ անդրադարձ է ընդդիմության պահանջին: Իսկ այդ անդրադարձը Կոնգրեսին փաստացի հիմք է տալիս ունենալ ապրիլի 28-ին հայտարարված հանրահավաքից հետո “մարտավարությունը կտրուկ չփոխելու” հող:
Արդյոք Սերժ Սարգսյանն անհանգստացել էր այդ փոփոխությունից ու դրա համար գնաց մարտի 1-ի թեման բարձրացնելու պահանջին ընդառաջ, թե պարզապես նա շարունակեց սկսված շախմատն ու ընդդիմությանը չդրեց պատի առաջ: Թեեւ պատն այս դեպքում Սերժ Սարգսյանին էլ թերեւս ձեռնտու չէր լինի, քանի որ պատը հաղթանակ չէ, մինչդեռ Սերժ Սարգսյանին հաղթանակ է պետք, քանի որ նրա վրա կարծես թե կա աննախադեպ միջազգային ճնշում, որտեղ հատկապես շեշտվում է նաեւ մարտի 1-ի չբացահայտվածությունը:
Սարգսյանին պետք է առնվազն ժամանակ շահել, ինչն էլ նա կարծես թե անում է մարտի 1-ի գործը վերստին բացելով: Դա նրան հնարավորություն է տալիս իրավիճակը որոշակիորեն պահել վերահսկողության տակ, ընդդիմությանը տալ զսպվածությունը շարունակելու հիմք, միջազգային հանրությանը հավաստիացնել, թե տրամադրված է մարտի 1-ի հարցը փակելուն, միեւնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանին ցույց տալ, որ մտահոգ չէ այդ թեմայի խաղարկումից:
Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի այդպիսով հասնել մինչեւ խորհրդարանի հերթական ընտրություն, ինչը ամենայն հավանականությամբ այդպես էլ կլինի, ապա այդ ժամանակ արդեն իրավիճակի տրամաբանությունը էապես կարող է փոխվել, թելադրողը կարող է դառնալ նախընտրական ռեժիմը, իսկ վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական, ընտրական եւ հետընտրական ռեժիմները բարենպաստ են լինում իշխանության, ոչ թե ընդդիմության համար:
ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment