Saturday, April 16, 2011

ՊՈՒՏԻՆԸ ԿԱԿՏԻՎԱՑՆԻ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ

«Լրագիր» 15-4-2011- Ամենեւին նորություն չէ Հայաստանում առկա այն ընկալումը, որ Դմիտրի Մեդվեդեւ-Վլադիմիր Պուտին փոխհարաբերությունը Հայաստանում կարող է արտահայտվել եւ գուցե արտահայտվում է Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհարաբերությամբ: Այդ ընկալումը նորություն չէ, եւ թերեւս անհիմն էլ չէ: Զույգ գործիչներն իրենց քաղաքական վարքագծով շատ նման են իրար` Պուտինն ու Քոչարյանը, իհարկե, ամեն մեկն իր վերմակի չափով`“ամուր բռունցքի” կերպար նախընտրող վարքագծով են աչքի ընկել, իսկ Սերժ Սարգսյանն ու Մեդվեդեւը փորձում են աչքի ընկնել “ժողովրդավարությամբ”, “արդիականացմամբ”, միջազգային հանրության հանդեպ նվիրվածությամբ:
Ռուսաստանում Մեդվեդեւ-Պուտին հակադրությունը ոչ միայն շարունակվում է, այլ կարծես թե 2012-ին մոտ նաեւ սրվում: Արդյոք դա նշանակում է, որ Հայաստանում էլ կարող է սրվել Սարգսյան-Քոչարյան հակադրությունը: Իրավիճակներն իհարկե ունեն կառուցվածքային տարբերություն: Պուտինն, օրինակ, ակտիվ քաղաքականության մեջ է, ունի իշխանական լծակներ, ունի քաղաքական հենք` Եդինայա Ռոսիա կուսակցությունը, որի նախագահն է: Քոչարյանն այդպիսի հենք չունի, համենայն դեպս դե յուրե, չունի իշխանական լծակներ` կրկին առնվազն դե յուրե:

Ավելին, Մեդվեդեւ-Պուտին ներկայիս վիճակը կառուցվածքային առումով ավելի շատ հիշեցնում է Քոչարյան-Սարգսյան քառամյա վաղեմության վիճակին, երբ Քոչարյանն անկուսակցական նախագահ էր, իսկ Սերժ Սարգսյանը իշխող մեծամասնություն հանդիսացող կուսակցության ղեկավար եւ վարչապետ: Այդ իրավիճակում Սերժ Սարգսյանը կարողացավ լինել առավել հաջողակ եւ արդյունավետ: Բայց, պրոյեկցելով իրավիճակը տվյալ ժամանակի ռուսական ստատուս-քվոյի վրա, արձանագրենք, որ այդ ժամանակ անկուսակցական նախագահ էր Պուտինը, որը ստիպված էր Սահմանադրությամբ սահմանված կարգով զիջել նախագահությունը անկուսակցական Մեդվեդեւին:

Իրավիճակի հին ու նոր ասպեկտների մեջ կարելի է իհարկե վերջնականապես խճճվել, բայց խնդիրն այն է, որ տվյալ պարագայում այդ ասպեկտների հարանմանությունը չէ խնդիրը, այլ ընդհանուր էներգետիկան, որ պարունակում են Մեդվեդեւ-Պուտին եւ Քոչարյան-Սարգսյան հարաբերությունները: Իսկ այդ էներգետիկան բացատրվում է թերեւս երկու կարեւոր պայմանով` Ռուսաստանի իշխանության լրջագույն ազդեցություն Հայաստանի իշխանության վարքի վրա, եւ ընդհանրապես իշխանություն հասկացության ազդեցություն անձանց վարքի վրա, ըստ նրանց արժեքային համակարգի եւ ըստ նրանց միջավայրում իշխանության կառուցվածքի:

Ահա այդ երկու բաղադրիչն են թերեւս առանցքայինը, որով պայմանավորվում է Մեդվեդեւ-Պուտին փոխհարաբերության ազդեցության հավանականությունը Սարգսյան-Քոչարյան տիրույթի վրա: Գաղտնիք չէ, որ թե Ռուսաստանում, թե Հայաստանում իշխանություն ասվածը հանդիսանում է կյանքի ու մահվան հարց, իհարկե առավելապես պատկերավոր ասած: Երկու դեպքում էլ ելնելով “էլիտայի” արժեհամակարգից եւ այդ կառավարման ավտորիտար կամ ամբողջատիրական մոդելներից, իշխանությունը հարստություն եւ անվտանգություն է, իսկ դրանից զրկվելը` անգամ ամուր կապեր պահպանելու պարագայում, կարող է հավասարազոր լինել սեփական գլխավեւրեւում զոհի վտանգը դամոկլյան սրի նման մշտապես ունենալու զգացողությանը:

Իսկ այդ պարագայում, նկատի ունենալով, որ Հայաստանի այդօրինակ համակարգն ու փոխհարաբերությունները զգալիորեն սնուցվել եւ սնուցվում են Ռուսաստանից, ու եթե այդ սնուցումը չլիներ, ապա ամենայն հավանականությամբ Հայաստանում համակարգը վաղուց արդեն քանդված կամ փոխված կլիներ, կարող ենք վստահ լինել, որ Ռուսաստանում Մեդվեդեւ-Պուտին տիրույթի որեւէ էական վերադասավորում անպայման իր արտացոլումն է ունենալու Հայաստանում: Խնդիրն այն է, որ անպայման չէ, որ արտացոլումը լինի հայելային: Այն կարող է պարզապես լինել գործընթացի տեսքով, բայց ամենեւին պարտադիր կամ աներկբա չէ, որ գործընթացի վերջնարդյունքը լինելու է Ռուսաստանում արձանագրված արդյունքի մեկին-մեկ կրկնությունը, ինչպիսին էլ որ այն լինի այնտեղ:

Ի վերջո, Հայաստանում կան իհարկե հարակից ազդեցիկ գործոններ, որոնք եւս լուրջ դերակատարում կունենան արդյունքի հարցում` դա թե ի դեմս Հայ ազգային կոնգրեսի կայացած ընդդիմադիր շարժման առկայությունն է, ի տարբերություն Ռուսաստանի, թե այն, որ Արեւմուտքը Հայաստանի ներքաղաքական կյանքում ունի միջամտության առավել առարկայական հնարավորություններ, քան Ռուսաստանի պարագայում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: