Thursday, April 28, 2011

ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է

«Lragir.am», 28 ապրիլի 2011: ԱԺ նիստերից բացակայող պատգամավորների խնդրին է անդրադարձել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում: Նա խոստացել է անհարգելի բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ անել:
«Նշեմ, որ բազմիցս, թե' Ազգային ժողովի լիագումար նիստերի եւ թե' բազմաբնույթ խորհրդակցությունների ընթացքում բարձրաձայնել եմ Ազգային ժողովի լիագումար նիստերից եւ Ազգային ժողովի քվեարկություններից պատգամավորների բացակայությունների հարցը: Կարծում եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող խորհրդարանը պրոֆեսիոնալ է` յուրաքանչյուր պատգամավոր պետք է գիտակցի, որ ժողովրդի կողմից ընտրվել է օրենսդիր աշխատանք իրականացնելու համար եւ վերջինս հանդիսանում է նրա հիմնական աշխատանքը: Իհարկե, չեմ բացառում, որ բացակայությունները ունենան հարգելի պատճառ եւ այս առումով պատգամավորների բացակայությունները, «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են ճանաչվել հարգելի,- գրել է նա եւ հավելել,- Ինչ վերաբերում է անհարգելի բացակայություններին, ապա, ինչ խոսք, խիստ բացասական եմ գնահատում դրանք եւ ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ:
Չմոռանանք, որ խորհրդարանը պրոֆեսիոնալ դարձել է 1999 թվականից եւ նմանատիպ խնդիրները բնականոն բնույթ կրում են ոչ միայն Հայաստանի այլ նաեւ տարբեր երկրների խորհրդարանների համար: Սակայն, անշուշտ, վերջին հաշվով պատգամավորի գործունեության վերջնական գնահատականը տալիս է ընտրողը»:
Հայտնի է, որ ԱԺ նիստերից հիմնականում բացակայում են խոշոր բիզեսմեն պատգամավորները, որոնց աշխատավարձը, մեղմ ասած, չի հետաքրքրում:

No comments: