Wednesday, April 13, 2011

Եվրամիությանը հետաքրքրում է Ղարաբաղի իրավիճակը, բայց...

News.am. 12-4-2011- Թեեւ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում նախ եւ առաջ արաբական երկրներում տիրող իրավիճակն է, սակայն, ենթադրվում է, որ նրանք կանդրադառնան նաեւ հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտություններին, այդ թվում` ԼՂ խնդրին։
«Այո, խնդիրն օրակարգում է, դժվար թե ընդունվի ինչ-որ փաստաթուղթ, սակայն քննարկում կլինի: Դա վկայում է այն մասին, որ Եվրամիությանը մտահոգում է Հարավային Կովկասի, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված մեկնաբան Ռիքարդ Յուշվիակը։ Նրա փոխանցմամբ, ԵՄ-ին առավելապես մտահոգում է տարածաշրջանում պատերազմի վերսկսման հավանականությունը:
«Ես զրուցել եմ բարձրաստիճան մի քանի դիվանագետների հետ։ Հատկապես մտահոգված են լեհերը, ովքեր հուլիսին պետք է ստանձնեն Եվրամիության նախագահությունը։ Նրանք չեն բացառում, որ հենց իրենց նախագահության օրոք սառեցված հակամարտությունը կարող է «շիկանալ», կարող են ռազմական գործողություններ վերսկսվել»,- ասել է Յուշվիակը եւ ավելացրել. «Վտանգի մասին հուշող ազդակը` նավթի վաճառքից ստացած եկամուտը զենք եւ զինամթերքի վրա ծախսելու, բանակին նոր միջոցներ ուղղելու Ադրբեջանի քաղաքականությունն է»:
Մեկնաբանի խոսքով, ԵՄ-ն միշտ էլ ցանկացել է ավելի մեծ դեր կատարել եւ նպաստել Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, սակայն, ինչպես դիվանագետներն են խոստովանել` Միությունն այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանում շատ լծակներ չունի։
Յուշվիակի կարծիքով, ԵՄ-ի ուշադրությունն այսօր սեւեռված է արաբական աշխարհին, որտեղից հազարավոր փախստականներ փորձում են տեղափոխվել Միության երկրներ։ Ի դեպ, նույնիսկ նախքան արաբական ընդվզումները` դեռ նոր ստանձնելով ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատվությունը, Քեթրին Էշթոնը նկատել է տվել, որ իրեն հետաքրքրում է ոչ այնքան արեւելյան, որքան հարավային հարեւանությունը։

No comments: