Wednesday, April 13, 2011

Ագրեսիվ տրամադրված Ադրբեջանի լրացուցիչ սպառազինումը պետք է անհանգստացնի Հայաստանին

News.am. 12-4-2011- Անհայտ է, թե որքանով է իրականությանը համապատասխանում Wikileaks-ի տեղեկատվության հերթական չափաբաժինը, որ ներկայացվել է նախօրեին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Երեւանի պետհամալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Վարդան Ոսկանյանը: Հիշեցնենք, որ խոսքը գնում է Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ անվտանգության ոլորտում ինչ-ինչ համաձայնագրեր ստորագրելու մասին:
«Բայց եթե տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, դա արծարծում է գերազանցաբար երկու կողմերի` Ադրբեջանի եւ Իսրայելի շահերը: Միաժամանակ, դա պետք է անհանգստացնի Հայաստանին, քանի որ մենք համակարտության մեջ ենք Ադրբեջանի հետ, եւ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ տրամադրված երկրի ցանկացած լրացուցիչ սպառազինում պետք է անհանգստացնի Երեւանին»,- նկատել է Ոսկանյանը: Նա նշել է, որ Հայաստանն իր ռազմավարական գործընկերներն ունի, եւ հայկական կողմը հավանաբար նույնպես աշխատում է, որպեսզի հավասարեցնի իրավիճակը:
«Բացի այդ, կա նաեւ բարոյական ասպեկտը: Հրեա եւ հայ ժողովուրդների ճակատագրերը շատ բանով նման են, եւ թեպետ ցանկացած պետություն հետապնդում է իր աշխարհաքաղաքական շահերը, եւ որքան էլ միամիտ հնչի, բարոյականությունը քաղաքականության մեջ դեռ ոչ ոք չեղյալ չի հայտարարել»,- ամփոփել է Վարդան Ոսկանյանը:
Ըստ Wikileaks-ի հրապարակման 2007թ փետրվարի 16-ին, Ադրբեջանում Իսրայելի դեսպան Արթուր Լենկը հանդիպել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էն Դերսին եւ պատմել, որ Իսրայելը եւ Ադրբեջանը 2007 թվականին անվտանգության ոլորտին վերաբերող երկու գաղտնի համաձայնագիր են ստորագրել:
Լենկը պատմել է Իսրայելի ԱԳ նախարար Ցիպի Լիվնիի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բանակցությունների մանրամասները` Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ:


No comments: