Tuesday, April 12, 2011

Թուրքական իշխանությունն ու ընդդիմությունն ընտրությունների են գնում առանց հայ թեկնածուների

CNNTurk-ը հրապարակել է այն կուսակցությունների ընտրացուցակները, որոնք պատրաստվում են հունիսի 12-ին մասնակցել Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին։
Նշենք, որ «Արդարություն և զարգացում» իշխող (ԱԶԿ), Ժողովրդա–հանրապետական (ԺՀԿ), «Ազգայնական շարժում» (ԱՇԿ) և «Խաղաղություն և ժողովրդավարություն» (ԽԺԿ) քրդամետ կուսակցությունների ընտրացուցակներում բացակայում են բոլոր այն հայ հնարավոր թեկնածուների անունները, որոք, ըստ թուրքական լրատվամիջոցների, վերոնշյալ կուսակցությունների կողմից առաջադրվելու էին խորհրդարանական ընտրություններում։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած ԱԶԿ–ի 550 թեկնածուներից բաղկացած ընտրացուցակում չեն ընդգրկվել պոլսահայ համայնքը ներկայացնող Մելքոն Քարաքյոսեի, Թաթյոս Բեբեքի, «Թարաֆ» օրաթերթի հոդվածագիր Մարգար Եսայանի, Ջերի Խրիմյանի, Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, մեծահարուստ Պետրոս Շիրինօղլուի և Հերման Բալյանի անունները, որոնք շրջանառվում էին հնարավոր թեկնածուների շարքում։
Նշենք նաև, որ Էրդողանը ցուցակից դուրս է թողել իր կուսակից 148 պատգամավորների՝ ներառելով միայն 185-ին։
Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորած ընդդիմադիր ԺՀԿ–ի ընտրացուցակում տեղ չի զբաղեցրել ազգությամբ հայ Արև Ջեբեջին։
Դևլեթ Բահչելիի գլխավորած ԱԶԿ–ի ընտրացուցակում էլ չկա Գեղամ Կարապետյանի անունը։
Երկարատև քննարկումներից հետո ԽԺԿ քրդամետ կուսակցությունը որոշում կայացրեց ընտրություններին չաջակցել անկախ հայ թեկնածուի։ Վերջին պահին կուսակցությունը քննարկում էր Իշխան Օհանյանի թեկնածությունը։
Ընտրություններին մասնակցելու է 18 կուսակցություն, սակայն հիմնական պայքարն ընթանալու է ԱԶԿ-ի, ԺՀԿ-ի և ԱՇԿ-ի միջև։
Հայ թեկնածուների հնարավոր առաջադրումը մեծ ոգևորություն էր առաջ բերել ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային մամուլում։ «Եթե համաձայնություն ձեռք բերվի պոլսահայ ներկայացուցիչների և կուսակցությունների միջև, մեծ է հավանականությունը, որ 45 տարի անց Թուրքիայի խորհրդարանում հայտնվեն նաև ազգությամբ հայ պատգամավորներ»,– գրել էր թուրքական «Զաման» (Zaman) օրաթերթը՝ հիշեցնելով, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում խորհրդարանում ազգային փոքրամասնություններին ներկայացրել են 23 պատգամավորներ, որոնցից 6–ը եղել են հայեր։
International Herald Tribune–ն էլ մեկնաբանելով թուրքական կուսակցությունների՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ընտրություններին մասնակից դարձնելու որոշումը, գրել էր, որ նման քայլով Թուրքիայում քրիստոնյաների համար բացվում են քաղաքականության դռները։

No comments: