Thursday, April 21, 2011

Ինչո՞վ է պայմանավորված ԼՂ խնդրի նկատմամբ բրիտանական ԶԼՄ-ների ուշադրությունը. Քաղաքագետի պարզաբանումը

Tert.am. 21-4-2011- Վերջին օրերին բրիտանական մամուլի ուշադրությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ կարող է պայմանավորված լինել նոր մեխանիզմներ և սխեմաներ մշակելու ու առաջարկելու անհրաժեշտությամբ։ Tert.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը՝ մեկնաբանելով բրիտանական լրատվամիջոցների կողմից վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի խնդրի նկատմամբ դրսևորվող ուշադրությանը։
Նշենք, որ օրերս «Բի-Բ-Սի-»-ի ռուսական ծառայությունը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես դաշինքի առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հետ, որը հիմնականում խոսել է ԼՂ խնդրի մասին։ Երեկ էլ «Բի-Բի-Սի-»-ն Ղարաբաղի խնդրի մասին ծավալուն տեսառեպորտաժ է հրապարակել։ Երկու օր առաջ էլ Ղարաբաղի խնդրի մասին գրել էր բրիտանական հեղինակավոր Financial Times թերթը:
Ըստ Հրանտ Մելիք–Շահնազարյանի՝ ի տարբերություն աշխարհի այլ երկրների, բրիտանական մամուլն իր նյութերում բավական հետաքրքիր և լուրջ վերլուծական բազա է ունենում, որով փորձում է գտնել տարբեր խնդիրների հետ կապված լուծումներ, առաջարկել մեխանիզմներ։ «Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ այս սառեցված կամ կարելի է ասել փակուղային իրավիճակը նոր լուծումներ ու մոտեցումներ է պահանջում։ Լուրջ լրատվամիջոցները նման խնդիրների անդրադառնում են այն ժամանակ, երբ սխեմաներ առաջարկելու կամ քաղաքական պլանավորման խնդիր է լինում»,– կարծիք հայտնեց Մելիք–Շահնազարյանը։
ԼՂ խնդրին անդրադառնալու մեկ այլ պատճառ, ըստ քաղաքագետի, կարող է լինել ֆինանսական շահը, երբ լրատվամիջոցը քարոզչություն իրականացնելու դիմաց նյութական շահ ստանալու նպատակ է հետապնդում։ «Բայց դա ավելի բնորոշ է ռուսական մեդիային, ոչ թե «Բի-Բի-Սի»–ին։ Չնայած չեմ բացառում, որ վերջին ժամանակներում ԼՂ հարցի նկատմամբ ոչ միայն Բրիտանիայի, այլև Արևմտյան Եվրոպայի հետաքրքրությունը պայմանավորված լինի Ադրբեջանի քարոզչական պատվերով»,– ընդգծեց Հրանտ Մելիք–Շահնազարյանը։
Քաղաքագետի համոզմամբ՝ Ադրբեջանն ինֆորմացիոն պատերազմի դաշտում այսօր շատ բանի չի կարող հասնել միայն «1news.az» և «day.az» կայքերով և դիմում է միջազգային լրատվամիջոցների օգնությանը։

No comments: