Saturday, May 7, 2011

Մարտի 1-ի խմորը

«Lragir», 7-5-2011: Ապրիլի 20-ին իրավապահների հետ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը պահանջել էր 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի բացահայտման նոր ուղիներ գտնել: Առայժմ զոհերի հարազատներին չեն հրավիրել հատուկ քննչական ծառայություն, եւ չկա նաեւ հրապարակային տեղեկատվություն քննչական որեւէ գործողության մասին:
Փոխարենը, շատ են այսպես ասած “հարակից” տեղեկությունները, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են մամուլում:
Օրինակ, երեկ տեղեկություն տարածվեց, որ մարտի 1-ի իրադարձությունների գործով հիմնական դատավորներից մեկի` Մնացական Մարտիրոսյանի եղբորորդիներին ձերբակալել են Գավառում 2009 թ. կատարված սպանության փորձի համար:
Երիտասարդներին երեկ կալանքի սանկցիա են տվել այն նույն դատարանում, որի դատավորն է Մնացական Մարտիրոսյանը:
Մնացական Մարտիրոսյանը հայտնի է մասնավորապես, 7-ի գործով, որով դատապարտվել են ընդդիմության 7 ներկայացուցիչներ:

Ի դեպ, նույն գործով կալանավորվել է նաեւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վահան Խանզադյանը:

Ավելի վաղ, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ով ձերբակալվել է սպանության մի գործ կոծկելու մեղադրանքով, ըստ մամուլի հրապարակումների, ոստիկանության ղեկավարությանը սպառնացել է, որ եթե իրեն «չփրկեն», ապա ինքը իր հետեւից էլի մարդկանց է տանելու։ Սակայն նրան հասկացրել են, որ նրան կարող են նոր մեղադրանք առաջադրել արդեն մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ:

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասում է, որ արդյունքը մեկ օրում չի լինում, եւ պետք է սպասել: Նա ասում է, որ եթե քննչական գործողություններ չեն կատարվում, վկաներ չեն հրավիրվում, դա չի նշանակում, որ քննչական ծառայությունը ոչինչ չի կատարում:

Ըստ տեղեկությունների, մարտի 1-ի գործով իսկապես կատարվում են որոշակի գործողություններ, որոնք հիշեցնում են ապագայի համար “բազա ստեղծելը”, բացառելու համար անակնկալներն ու անվերահսկելի գործընթացները: Ըստ տեղեկությունների, այս գործընթացներում առայժմ Ռոբերտ Քոչարյանի անունը չի շոշափվում:

No comments: