«ԱԶԳ», 07-05-2011- Նրանք 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունն ապրած ու բռնի ուժով ինքնությունը կորցրած հայերի թոռներն են, որ այսօր ապրում են Թուրքիայում: Ինքնությունը կորցրած հայերի հիշողություններն արդեն թոռների շուրթերով գրի են առել թուրք մտավորականներ Ֆեթհիյե Չեթինն ու Այշե Գյուլ Ալթընայը :«Թոռները» հեշտ ընթերցվող գիրք չէ: Պատմությունները, որ պետք է կարդաք, դյուրին չէր ոչ պատմել, ոչ լսել, ոչ էլ գրի առնել», հավաստիացնում են հեղինակները:
«Երբ իմացա մեծ մորս` Հրանուշի պատմությունը, որ նա ինքնությունը կորցրած հայ է, ինձ հետաքրքրեց, թե քանի՞ նման պատմություն կա, քանի՞ ինքնությունը կորցրած կա, որ հանուն գոյատեւման վախեցել է ասել, որ հայ է: Իմ այս հարցին ոչ ոք չպատասխանեց», «Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում» երեկ գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի ժամանակ ասաց Ֆեթհիյե Չեթինը:
Նա համոզված է` նման գրքեր պետք է շատ տպագրվեն, որպեսզի 1915-ի մասին խոսվի: «Նման գրքերը մտերմացնում են մարդկանց: Չէ՞ որ սա համամարդկային ցավ ու վիշտ է, իսկ ցավն ու կարեկցանքը միշտ էլ մարդկանց մտերմացնում են»:
Ինքնությունը կորցրած հայերի մասին Չեթինը 9 գիրք է հրատարակել: Նա վստահեցնում է, որ նման փոքրիկ պատմությունները կարող են մարդկանց մոտեցնել, դարձնել վշտակից ու ցավակից:
Չեթինը պատմում է, որ «Մեծ մայրս» գրքի հրապարակումից հետո, Թուրքիայում ապրող բազմաթիվ անձինք դիմել են իրեն` ասելով, որ իրենք էլ հայերի թոռներ են, եւ ուզում են իմանալ նախնիների պատմությունն ու պատմել իրենց լսածները:
«Իսլամացած հայերի մասին շատ բան չգիտենք: Նրանց մասին փորձում են չխոսել ոչ միայն Թուրքիայում, այլեւ ընդհանրապես ամբողջ աշխարհում: Սակայն նրանք կան ու ապրում են մեր կողքին: Նրանք այսօր էլ ապրում են Թուրքիայում` զգուշավորության մթնոլորտում», ասում է Այշե Գյուլ Ալթընայն ու հավաստիացնում, որ նման գրքերը չափազանց կարեւոր են հատկապես Թուրքիայի համար` պատմությանն առերեսվելու համար:
Հեղինակները գրքում բարձրաձայնում են կարեւորագույն հարցեր, թե ինչու տատիկների ու պապիկների հայ լինելու մասին 100 տարի անց լսելն այդքան դաժան եւ ցավոտ է թոռների համար:
Այշե Գյուլ Ալթընայը համոզված է, որ ցավի եւ լռության մասին խոսելը կարող է օգնել, որպեսզի մարդկությունն ուրիշի ցավերն ու լռությունը նկատի, խոսի: Որպեսզի նպաստի դեռ չիրագործված ցավերի ու լռությունների կասեցմանը:
«Սա մի գիրք է, որով ցանկանում ենք, որ մեզ ներեք, որ մենք ինքնությունը կորցրած հայերի մասին երկար ժամանակ չենք խոսել: Մենք ձեր ցավի մասին շատ ուշ լսեցինք, բայց հիմա արձագանքում ենք», եզրափակում է Չեթինը:
Այս գրքի հերոսները, մեզ հրավիրում են ծանոթանալու ինքներս մեզ հետ ու հիշեցնում, որ խաղաղ ապագայի չենք հասնի, մինչեւ ստերից եւ իրական վախից փրկվելով` անցյալի հետ չառերեսվենք:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment