(Lragir. 6-5-2011)- Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Սերժ Սարգսյանն սկսել է Ռոբերտ Քոչարյանից տարբերվելու գործելաոճ դրսեւորել: Նա փորձում է ընդդիմության հանդեպ հանդուրժող լինել, ցույց տալ, որ ի տարբերություն Քոչարյանի, ինքը ոչ թե բռնցքամարտի, այլ շախմատի մեթոդների կողմնակից է: Նա փորձում է մարտի 1-ի մասով որոշակիորեն սահմանազատվել Քոչարյանից, թեեւ առայժմ իհարկե նրա միակ քայլը եղել է “բացահայտման գործում նոր թափի” մասին հայտարարությունը, որը դեռ պետք է առարկայական գործի վերածել:Սերժ Սարգսյանը փորձում է վերջապես ազատվել Ռոբերտ Քոչարյանի “կտակած” քաղբանտարկյալներից, փորձում է Ազատության հրապարակը վերադարձնել հասարակությանը ոչ միայն առեւտրի կամ մանկապարտեզի, այլ նաեւ քաղաքականությանը ծառայելու համար:
Կարծես թե քիչ չէ, թեեւ պատկերացնել կարելի է ինչ աստիճանի է հասել երկրի վիճակը, որ ընդամենը այդ մի քանի քայլը դիտվում է իբրեւ իշխանության վերափոխման գործի նկատելի առաջընթաց: Բայց, ունենք այն, ինչ ունենք: Իսկ ինչի շնորհիվ ունենք: Ինչն է Սերժ Սարգսյանին ստիպել, որ նա փորձի տարբերվել Քոչարյանից: Ասել, թե նա պարզապես ի բնե տարբեր է, մի կողմից ճիշտ կլինի, մյուս կողմից սխալ:
Շատերը, ովքեր մոտ շփումներ են ունեցել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ, հավաստիացնում են, որ նրանք տարբեր մարդիկ են, որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Քոչարյանի, առավել հանդուրժող է, փորձում է լսել դիմացինին, կարող է ընդունել հակափաստարկներ եւ փոխել իր որոշումը, եւ այլն, եւ այլն: Բայց, փաստ է այն, որ անցած երեք տարում Սերժ Սարգսյանը կառավարման ոճի առումով կարծես թե որեւէ էական տարբերություն նկատելի չէր դարձնում:
Ինչու նա փոխվեց հիմա: Ի՞նչը փոխեց Սերժ Սարգսյանին. ընդդիմության հանրահավաքների բազմությո՞ւնը, թե երկրում սոցիալ-տնտեսական իրավիճակի աննախադեպ ծանրությունը: Թե՞ արտաքին ճնշումը դարձավ աննախադեպ, կամ համաշխարհային աուրան դարձավ մտահոգիչ` ստիպեց խորհել “նահապետի աշնան” մասին, իսկ գուցե Ռուսաստանը կասկած գցեց սիրտը, միտքն ու հոգին, երբ Պուտինն ու Մեդվեդեւը արդեն սկսեցին բացահայտ վիճել նախագահ դառնալու համար, չէ՞ որ երկու “շուն” որ կռվում են, ճամփորդի գործն է հաջողում, ու մինչ նրանք կորոշեն, թե ով է նախագահ լինելու Ռուսաստանում, Արեւմուտքը կարող է որոշել վերջացնել Հայաստանում նախագահ լինելու հարցը: Ով գիտե, թե ինչը փոխեց Սերժ Սարգսյանին:
Կարեւորն իհարկե այն է, որ նա փոխվել է, որ սկսել է փորձել տարբերվել Ռոբերտ Քոչարյանից: Այդ գործընթացը շարունակվելու դեպքում Հայաստանում հավանական են իրողություններ, որոնք կարող են այլեւս լինել անշրջելի, եթե անգամ Սերժ Սարգսյանն ինքը ցանկանա շրջվել: Ինչպես ասում են, “էշ նստելը մի այիբ է, իջնելը` երկու”:
Սերժ Սարգսյանը էշ նստել է եւ համենայն դեպս ցույց է տալիս, որ բռնել է “ներքաղաքական Երուսաղեմի” ճանապարհը: Դա լինելու է դժվարին, անձնազոհ, բայց թերեւս պատվաբեր ճանապարհ: Համենայն դեպս, հետդարձն արդեն հաստատ ավելի հեշտ եւ ավելի պատվավոր չի լինելու: Սերժ Սարգսյանը չի ընտրել ժամանակը, ժամանակն է ընտրել նրան: Իսկ դա մի ընտրություն է, որը կեղծելն արդեն անհնար է:
Օրերս, Discovery ալիքով մի փաստավավերագրական պատմաֆիլմ էր Հիսուսի խաչելության մասին, որի հեղինակները վարկած էին առաջ քաշում, որ Հիսուսն ինքն էր մշակել խաչելության իր սցենարն ու Հուդային ինքն էր պատվիրել մատնել իրեն: Հեղինակներն, ի թիվս այլ փաստերի, մատնանշում էին եւ այն, որ Հիսուսը գիտեր, թե ինչ է սպասվում իրեն Երուսաղեմում, բայց գնաց այնտեղ եւ մնաց` չփորձեց հեռանալ:
Իսկ ինչու չփորձեց: Արդյոք միայն այն պատճառով, որ ինքն էր ծրագրել իր խաչելությունը կամ դա Աստծո կամքն էր, որ պետք է կատարվեր: Իսկ գուցե Հիսուսը չհեռացավ Երուսաղեմից, որովհետեւ շատ լավ գիտակցում էր, որ Երուսաղեմ մտնելուց հետո հեռանալը շատ ավելի շուտ եւ ցավալի վերջ էր մոտեցնելու, քան մնալը:
Աստվածաշնչյան անցուդարձի այդ չափազանց սիրողական մեկնությունս անկասկած արժանի է շատ ավելի գիտակ մարդկանց քննադատությանն ու պարսավանքին: Եվ գուցե քննադատությունն ու պարսավանքը շատ ավելին եւ գուցե տեղին լինի ներքաղաքական անցուդարձի նկարագրության, մասնավորապես Սերժ Սարգսյանի վարքագծի մեկնաբանության ընթացքում Հիսուսի անունը շոշափելու եւ ուղղակի կամ անուղղակի, Սերժ Սարգսյանին նրա հետ համեմատելու համար:
Բայց, համեմատության ցանկություն ամենեւին չունեմ: Պարզապես, խնդիրն այն է, որ Երուսաղեմից դուրս չգալով, Հիսուսը թերեւս հաղորդեց մարդկանց, սերունդներին, որ կամ պիտի չբռնես Երուսաղեմի ճանապարհը, կամ եթե բռնել ես, ուրեմն պետք է հիշեց, որ այնտեղից անգամ Փրկչի համար հետդարձի ճանապարհ չկար, ուր մնաց մեղավոր մահկանացուների:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment