Thursday, May 5, 2011

Քաղաքական միավորում ստեղծելու շուրջ հանդիպումներ կան. «Ժառանգության» փոխնախագահ

«Tert.am», 05.05.2011: «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց մամուլում շրջանառվող այն լուրը, որ քաղաքական որոշ շրջանակներում սկսել են քննարկել կոալիցիաներ, ալյանսներ ստեղծելու հարցը:
«Հրապարակ» օրաթերթն իր երեկվա համարում լուր էր հրապարակել, որ նման մի ծրագիր էլ մշակվում է «Ժառանգությունում»՝ կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի հեղինակությամբ: Ըստ թերթի տեղեկատվության՝ Ռուբեն Հակոբյանի քաղաքական ծրագրի բաղկացուցիչ մասերից մեկն էլ այն է, որ նոր ձևավորվող ընդդիմությունը պետք է խորհրդարանական հանրապետության գաղափարի շուրջ միավորվի:
«Ինձ համար անհասականալի է, որ խորհրդարանական հանրապետության մոդելի՝ ինձ համար ավելի ընդունելի լինելու մասին ինֆորմացիան դիտվում է որպես գաղտնի բանակցության թեմա: Ես տարբեր հրապարակային առիթներով ասել եմ, որ մեր պետության համար շատ ավելի արդյունավետ կլինի խորհրդարանական հանրապետության մոդելը: Սա կարող է լինել այն սխեմաներից մեկը, որը կարող է դառնալ ընդդիմադիր որոշ շրջանակների համագործակցության հիմքը»,- նշեց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմադիրների հետ հանդիպումներին՝ Հակոբյանն ասաց, որ այդ հանդիպումները սկսվել են դեռ երկու ամիս առաջ և այս պահին շարունակվում են: «Հանդիպումները դեռ շարունակվում են, անուններ չեմ ցանկանում տալ, որովհետև չեմ ցանկանում անհատականացնել, բայց, այո, հանդիպումները շարունակվում են, սակայն քաղաքական դաշինք կստեղծվի, թե ոչ, ժամանակի հարց է»,- ասաց Հակոբյանը:
«Ժառանգության» փոխնախագահը հրաժարվեց հրապարակել այն գործիչների անունները, որոնք մասնակցում են քննարկումներին: Հարցին, թե արդյոք հանդիպումներ եղե՞լ են «Հրապարակ» օրաթերթում նշված մարդկանց (Արարատ Զուրաբյան, Խաչատուր Քոքոբելյան, Մարինե Պետրոսյան, Ալիկ Արզումանյան) հետ, Ռուբեն Հակոբյանը տվեց բացասական պատասխան: «Ոչ, այդ մարդկանց հետ հանդիպումներ չեն եղել»,- ասաց նա:
Մյուս հարցին, թե արդյոք քաղաքական նոր միավորում ստեղծելու նախաձեռնությունը պայմանավորվա՞ծ է ՀԱԿ-ի նոր մարտավարությամբ, «Ժառանգության» փոխնախագահը պատասխանեց. «Քաղաքական նոր միավորում ստեղծելու շուրջ հանդիպումները սկսվել են շատ ավելի վաղ, քան ՀԱԿ-ի արմատական կեցվածքի փոփոխությունը»:

No comments: