Tuesday, May 31, 2011

«Կապիտալ». Իրանա-հայկական նախագծի պարադոքսները

Թեհրանում մայիսի 29-30-ը տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստում քննարկվել են նախագծեր, որոնք անցած տարվա երևանյան պայմանավորվածությամբ արդեն պետք է սկսված լինեին։ Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջունն ասել է, որ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում կսկսվի Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը։ Այնինչ անցած տարի հոկտեմբերի 14-ին Մաջիդ Նամջունը և Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Գեղարքունիքի մարզում մասնակցել էին Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության հիմնարկեքի արարողությանը։
...Նշենք, որ ըստ էության Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումն առաջին հերթին պետք է «Գազպրոմի» դուստրին՝ «ՀայՌուսգազարդին», որին պատկանում է «Հրազդան-5»-ը։ Այս նախագիծն էներգաբլոկին հնարավորություն կտա ներգրավվել «Իրանական գազ-հայկական էլեկտրաէներգիա» սխեմայում, որի միակ մասնակիցը Երևանի ջէկն է։ Իրանական միջոցներով կառուցվելիք էլեկտրահաղորդման գիծը «Հրազդան-5»-ին հնարավորություն կտա իրանական յուրաքանչյուր 1 խմ գազի դիմաց Իրան առաքելու 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա։ «Հրազդան-5»-ի դրվածքային հզորությունը կազմում է 480 ՄՎտ, և տարվա կտրվածքով հնարավոր է արտադրել շուրջ 2,5 մլրդ Կվտ/ժ։ Այդ ծավալի էլեկտրաէներգիա արտադրելու համար կպահանջվի Իրանից ներկրել շուրջ 600 մլն խմ գազ։ Իրանական գազի դիմաց «Հրազդան-5»-ը առաքելու է 1,8 մլրդ կՎտ/ժ, իսկ 0,7 մլրդ կՎտ/ժ-ը կուղղվի ներքին շուկա։ Եթե հաշվի առնենք, որ էներգետիկ համակարգում ներդրումների վերադարձի ժամկետը 7 տարի է, իսկ ջէկում կատարված ներդրումների ծավալը գնահատվում է շուրջ $400 մլն, ապա նման գումարների վերադարձի հիմնական աղբյուրը լինելու է իրանական գազից արտադրված էլեկտրաէներգիաին։ Իհարկե, ներդրումների վերադարձը նաև հնարավոր է ապահովել արտահանման հաշվին, մասնավորապես՝ Թուրքիա կամ Վրաստան, բայց այդ ուղղություններում գործնական արդյունքները դեռևս անտեսանելի են։
Մյուս կողմից՝ Հայաստանն Իրանի առջև ունի պայմանագրային պարտավորություններ, և դրանց իրականացումը նաև կախված է երկշղթա օդային գծի կառուցումից։ Պաշտոնական Երևանի և Թեհրանի միջև 2004թ. կնքած պայմանագրով՝ Իրան-Հայաստան գազամուղով մատակարարվող յուրաքանչյուր 1 խմ իրանական գազի դիմաց հայկական կողմը վերադարձնում է 3 Կվտ/ժ էլեկտրաէներգիա. Իրանը Հայաստանին պետք է տարեկան մատակարարեր մինչև 1,1 մլրդ խմ գազ (օրական շուրջ 3 մլն խմ), իսկ 2014-ից այդ ծավալը պետք է կազմի մինչև 2,3 մլրդ խմ:

Ներկայում Իրանից Հայաստան է ներկրվում օրական ավելի քան 1 մլն խմ գազ։ Որոշումը՝ էլեկտրագիծը երկարաձգել դեպի «Հրազդան-5» հնարավոր է` նաև թելադրում է հենց այս պայմանագիրը։

Եթե երկշղթա օդային գծի կառուցումը դեպի «Հրազդան-5» ինչ-որ չափով հասկանալի է, ապա անհասկանալի է, թե ինչու Հայաստանը Համաշխարհային բանկից ներգրավում է $39 մլն՝ «Հայաստանի Էլեկտրամատակարարման հուսալիության» ծրագրի իրականացման համար, որի շրջանակներում նախատեսված է փոխարինել Հրազդանի ջէկից Որոտանի կասկադի հէկեր հասնող հաղորդման գծի շուրջ 230 կմ հատվածը։ Ըստ էության, այս վարկային ծրագրով Հայաստանը բարձրացնում է Հայաստանի և Իրանի միջև փոխհոսքերի հուսալիությունը, և Հրազդանի ջէկից մինչև Որոտանի կասկադի հէկեր ձգվող հաղորդման գիծը կարող է ծառայել «գազ-էլեկտրաէներգիա» սխեմային։

Ստացվում է, որ թե՛ իրանական, թե՛ ՀԲ-ի միջոցներով պետությունը պատրաստվում է իրականացնել երկու նախագիծ, որի հիմնական շահառուն մասնավոր ընկերություն է՝ «ՀայՌուսգազարդը», որը, սակայն, որևէ ուղղակի ներդրումային մասնակցություն չի ունենալու։

No comments: