Thursday, May 5, 2011

Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը քաղբանտարկյալների ազատ արձակման մասին

«NEWS.am», 05.05.2011: Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը շարունակում են մեկնաբանել վերջին շրջանում քաղբանտարկյալների ազատ արձակման փաստը: Ընդ որում, երկու կողմերի տոնայնությունն այդ հարցում նկատելիորեն տարբերվում է:
Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, թե բացասաբար է վերաբերում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Սերժ Սարգսյանի ելույթի մեկնաբանությանը, ըստ որի, ՀԱԿ-ի առաջնորդը վստահություն էր հայտնել, որ Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին բոլոր քաղբանտարկյալներին ազատ է արձակելու:
«Թող ոչ ոք հանդես չգա նախագահի խոսնակի դերում»,- ընդգծել է Շարմազանովը:
Միաժամանակ, նա պնդել է, որ իշխանությունների որդեգրած կուրսը, այդ թվում նաեւ ընդդիմության հետ հեռակա երկխոսության առումով, շարունակվելու է: «Միանշանակ է մի բան. Վերջին 3 տարում նախագահի բոլոր քայլերն ուղղված են երկրում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռեկտության, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ ստեղծելուն: Ավելին, ես վստահ եմ, որ նախագահը կշարունակի այդ կուրսը: Իսկ թե ինչպես նա կվարվի, դա բացառապես իր իրավունքն է»,- ասել է ՀՀԿ մամուլի քարտուղարը, հիշեցնելով, որ վերջին տարիներին Սերժ Սարգսյանը մասշտաբային համաներում անցկացրել է, որի արդյունքում ազատության մեջ են հայտնվել մարտի 1-ի գործերով դատապարտված բազմաթիվ ընդդիմադիրներ:
Իր հերթին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հույս է հայտնել, որ «մինչեւ այս ամսվա վերջ բոլոր քաղբանտարկյալները կլինեն ազատության մեջ»: Նրա խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումը, թե մինչեւ Առաջին հանրապետության օրը` մայիսի 28-ը բոլոր քաղբանտարկյալները կլինեն ազատության մեջ, հիմնված է եղել երկրի ներքաղաքական իրավիճակի վերլուծության հիման վրա, որտեղ առաջատար դեր է կատարում ընդդիմության հանրահավաքների հզոր էներգետիկան:
«Նման որոշում ընդունելու հիմնական գործոնը ժողովրդական ալիքն է, իսկ մնացած ամեն բան բխում է հենց դրանից»,- ամփոփել է Արամ Մանուկյանը:
Բոլոր դեպքերում, ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մայիսի 31-ին, որի ժամանակ էլ պարզ կլինի, թե որքանով արդարացան ընդդիմության առաջնորդի կանխատեսումները` քաղբանտարկյալների ազատ արձակման հարցում:

No comments: