Friday, May 6, 2011

«Կապիտալ». Թուրքիան Ֆրանսիայի Սենատի վրա ազդելու հնարավորություններ չունի. Ռուբեն Սաֆրաստյան

Օրաթերթը զրուցել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստայնի հետ՝ Ֆրանսիայի սենատի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը մերժելու թեմայով: Զրույցից մի հատված՝ ստորև:

-Պարոն Սաֆրաստյան, ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Ֆրանսիայի Սենատը որոշեց Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագիծը հանել քվեարկությունից։
-Կարծում եմ՝ հերթական անգամ պատմական ճշմարտությունը, արդարությունը և ժողովրդավարական արժեքները զոհաբերվեցին հօգուտ քաղաքական շահերի։ Իսկ թե որոնք են այդ շահերը, պարզից էլ պարզ է. այսօր Ֆրանսիան լրջորեն ներգրավված է Լիբիայում տեղի ունեցող պատերազմում, իսկ այդ նույն Լիբիայում բավական կարևոր դերակատարում ունի Թուրքիան՝ որպես Ֆրանսիայի դաշնակից։ Սենատի որոշումը, իմ կարծիքով, առաջին հերթին և հիմնականում պայմանավորված էր հենց այս հանգամանքով։

-Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հրաչ Վարժապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր. «Հստակ է, որ ֆրանսիական Ծերակույտը թուրքական ճնշման տակ տեղի է տվել»։ Որքանո՞վ է ուժեղ թուրքական լոբբին այսօր Ֆրանսիայում։
-Չեմ կարծում, թե այս պարագայում հարցը լուծվել է հենց թուրքական լոբբիի աշխատանքների, այսպես ասած, արդյունքում։ Ես կարծում եմ, որ ոչ թե Ծերակույտն է ենթարկվել թուրքական ճնշումներին, այլ թուրքական ճնշումներին ենթարկվել է կառավարող վերնախավը՝ կառավարող ադմինիստրացիան և նախագահ Սարկոզին։ Ես այս կարծիքին եմ, քանի որ համոզված եմ, որ Թուրքիան Ֆրանսիայի Սենատի վրա ազդելու հնարավորություններ չունի կամ շատ քիչ ունի։

No comments: