Saturday, May 7, 2011

Սերնդեսերունդ պետք է ամրացնել հաղթողի հոգեբանությունը, որը ձեռք ենք բերել Արցախյան հերոսամարտում

News.am. 07-05-2011- Արցախյան ազատամարտի շարժումը մեր ժողովրդի հոգեբանության միջից հանեց պարտվողի, կոտրվողի հոգեբանությունը եւ պետք է այնպես անել, որ մեզանում սերնդեսերունդ ամրանա հաղթողի հոգեբանությունը, այլապես մենք հեշտությամբ ենք հրաժարվում մեր հաղթանակներից: Այս մասին այսօր` մայիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Նրա խոսքով`պատերազմի վերաբերյալ փաստաթղթեր կան եւ օրեցօր ավելանում են, բայց երկար տարիներն դրանք կմնան գաղտնի: Շատ են նաեւ առանձին հեղինակների գրքերը, հուշերը պատերազմի մասին:
«Այս պատերազմը եկավ ապացուցելու այն իրողությունը, որ ով տիրում է Շուշիին, տիրում է ողջ Ղարաբաղին: Շուշին կարծես թելադրել է ռազմական գործողությունների ընթացքում, թե ինչ պետք է անի Ստեփանակերտը»,- ասաց գրականագետ, Արցախյան ազատամարտի մասնակից Վարդան Դեւրիկյանը: Նա նշեց, մեր ազգի հոգեբանությանը բնորոշ երկու առանձնահատկություն, որոնք հաղթահարելու դեպքում կիրականա ամենամեծ հաղթանակը: «Մեր ժողովուրդը ավանդաբար ապրել է վերջին տան հոգեբանությամբ, իսկ մեր հակառակորդները` առաջին տան հոգեբանությամբ: Իսկ մյուսն այն է, որ եթե հայը մի տեղից դուրս է գալիս, ապա այլեւս չի վերադառանում: Ինչո՞ւ այսօր Շուշիին բնակեցված չի, որովհետեւ հետ չեն գալիս: Սա նաեւ հոգեբանական բարդույթ է, հայը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից ինքը դուրս է եկել, դա կլինի մեր իրական ամենամեծ հաղթանակը»,- ասաց Վարդան Դեւրիկյանը:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի զոհված ազատամարտիկների ծնողների կոմիտեի նախագահ, զոհված զինվորի հայր Արամայիս Միքայելյանը պատմեց Արծվաշենի պատմությունը եւ թե ինչպես 12 քաջերի հետ զոհվեց նաեւ իր որդին:

No comments: