Friday, May 6, 2011

ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՈՉ ՈՔ ՉԻ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ

Մեր զրուցակիցն է Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ նախագահ Արփինե Գալֆայանը

-Արփինե, վերջերս տեղի ունեցավ «Հեղաֆորում» քաղաքացիական ֆորումը, որին ակտիվորեն մասնակցում էիք նաև Դուք: Հարց էր բարձրացված`ի՞նչ պետք է փոխել Հայաստանում: Ըստ Ձեզ` ի՞նչ իրավիճակ է Հայաստանում և ի՞նչ պետք է փոխել:
-Գերխնդիրը համակարգի փոփոխության անհրաժեշտությունն է` քաղաքական համակարգի, դրա հետ մեկտեղ նաև տնտեսական համակարգի փոփոխությունը` իրենից բխող մյուս բաղադրիչներով: Համակարգի հիմքը մարդկանց գիտակցությունն է և քաղաքական ու քաղաքացիական մշակույթը: Հիմա ճիշտ է, Հայաստանում քաղաքացիական և քաղաքական ակտիվությունը աճում է, բայց դրա հետ մեկտեղ մարդկանց մեծ մասը սպասում է, թե ինչ է ասելու որևէ առաջնորդ կամ ղեկավար, որպեսզի հետևից գնա, սա ինձ ցավ է պատճառում: Եվ սա է պատճառներից մեկը, որ մենք արդեն 20 տարի է ունենում ենք հիասթափություն հիասթափության հետևից:

-Հիմա դարձյա՞լ հիասթափության փուլում ենք:
-Եթե խոսքը իշխանության և ընդդիմության միջև երկխոսության կոնտեքստում է, ապա հիասթափությունը գալիս է անտեղի սպասումներից: Ընդհանրապես պետք չէ որևէ քաղաքական ուժի աչքերը փակ հետևել և անընդհատ հույսեր կապել, որ այս կամ այն առաջնորդը գալու է ու փրկի մեզ բոլոր դժբախտություններից: Ի վերջո քաղաքական ուժերը իշխանության գալու նպատակ են հետապնդում: Կարևոր է, որ հասարակությունը կարողանա իր պահանջները ձևակերպել և պարտադրել քաղաքական ուժերին` այդ պահանջները դնել քաղաքական օրակարգ: Ինչքան հասարակությունը կազմակերպված լինի, կարողանա ձևակերպել իր ուզածը, այնքան ազդեցությունը և ուժը մեծ է լինելու: Այսօր շատ հեշտ է ղեկավարել լիդերի կոչերի հետևից հազարավոր գնացողներին, շատ ավելի դժվար է, երբ մարդիկ հստակ գիտեն` ինչ են ուզում, պատկերացնում են` ինչպես պետք է հասնել դրան, և պատրաստվում են իրենք էլ մասնակցել փոփոխությանը և նորի կառուցմանը: Այս իմաստով Հայաստանում գործող քաղաքական ուժերին այսօր ձեռնտու չէ գիտակից հասարակություն ունենալը:

-Արփինե, ի՞նչը Ձեզ դուր չի գալիս ընդդիմության մարտավարության մեջ: Նրանց ճնշման ազդեցության տակ իշխանությունը կարծես փոխվելու պատրաստակամություն է ցուցաբերում:
-Իշխանությունների հետ ես որևէ էական փոփոխության կամ ռեֆորմի հույս չեմ կապում: Մարդիկ, ովքեր քրեական և օլիգարխիկ համակարգի սյուներն են, չեն կարող իրենք իրենց դեմ դուրս գալ: Ցանկացած տնտեսական կամ քաղաքական իրական բարեփոխում նպաստելու է այդ համակարգը քանդելուն, ուստի ես չեմ կարծում, որ իշխանությունն ինքը գնա ինքնաոչնչացման: Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա որպես քաղաքացի` ինձ համար կարևոր է, որ ընդդիմությունը որակապես տարբեր լինի, անկեղծ լինի և թափանցիկ աշխատի` կարողանա մարդկանց ասել, թե իր ուզածն ինչ է և ինչ ձևով է ինքը պատրաստվում դրան հասնել: Այսօր ես դա չեմ տեսնում:

-Հստակ ասված է` նախ այս երեք պահանջների կատարումը, հետո կանցնեն մյուս պահանջներին կամ երկխոսություն կսկսվի:
-Այդ երեք պահանջները երկիր կառուցելու պահանջներ չեն: Որպես քաղաքացի`ուզում եմ քաղաքական ուժերը ցույց տան, թե ինչպիսի երկիր են իրենք առաջարկում կամ պատրաստվում կառուցել և ինչ ձևով են պատրաստվում անել: Այսօր որևէ մեկն այլըտրանք չի առաջարկում:

-Հրանտ Տեր-Աբարհամյանը մեզ հետ զրույցում նշում էր, որ երրորդ ուժը պետք է օբյեկտիվ պահանջարկ ունենա, որպեսզի այն ձևավորվի: Նաև նշում էր, որ քաղաքական թեժ պահերին միայն երկբևեռ համակարգերն են աշխատում, այլընտրանքային համակարգերն էլ այս պահին չաշխատող նախագիծ է: Համաձայն չե՞ք:
-Ինձ երրորդ, չորրորդ ուժ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, որ Հայաստանում հասարակությունը կարողանա իսկապես իր ուզածը ձևակերպել և քաղաքական օրակարգ դնել, այլապես ստացվում է, որ քաղաքական ուժերը, որոնք կտրված են հասարակության մեծամասնությունից, սահմանափակ շրջանակներով որոշում են, թե ինչ պետք է անել, որն է ճիշտը և որը սխալ: Ես այն համոզման եմ, որ պետք է մասնակցային ժողովրդավարությունը արժևորվի:

-Ինչպե՞ս պետք է մասնակցային ժողովրդավարություն այսօր ձևավորվի:
-Մասնակցային ժողովրդավարությունը նշանակում է, որ մարդը, քաղաքացին առավելագույնս մասնակցում է իրեն վերաբերվող որոշումների կայացմանը` ոչ միայն ընտրությունից ընտրություն ներկայացուցիչներ ընտրելով, այլև ամեն օր իր համայնքի, աշխատատեղի, համալսարանի և այլն կյանքին ակտիվորեն մասնակցելով: Ուսանողական և աշխատավորական միությունները, կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները մասնակցային ժողովրդավարության հիմնական ինստիտուտներն են: Ուսանողությունը, որը սովորաբար հասարակական փոփոխության շարժիչ ուժն է, Հայաստանում մեծ մասամբ պատպանողական, հետադիմական զանգված է: Ուսանողական խորհուրդները օտարված են ուսանողներից, նրանց ներկայացուցիչներն իրենց համար կարիերիզմի դաշտ են դարձրել ուսխորհուրդը և փոխանակ ուսանողների իրավունքներն ու շահերը պաշտպանելու` դառնում են իշխող կուսակցության և համալսարանի ղեկավարության ագենտներ և ճանապահ են հարթում նախարարական կամ այլ պաշտոնների համար:
Լատինական Ամերիկայի պետություններում, որոնք մասնակցային ժողովրդավարության առաջամարտիկներն են, արդեն նախադեպեր են ստեղծվում նոր տիպի տնտեսական հարաբերությունների, երբ աշխատավորական կոլեկտիվները, առանց պետերի ու տերերի, իրենք են կազմակերպում արտադրությունը (գործարաններում, դպրոցներում, բուժհիմնարկներում), որոշում աշխատավարձը, սպառման շուկաները և այլն…

-Արփինե, ընդդիմության առաջնորդն ասում է, որ ինքն էլ պատրաստ է ամեն մեկի հետ զրուցել, որ այսուհետ հասարակությունը պետք է ինքնակազմակերպվի, ինչ-որ առումով մասնակցային ժողովրդավարության մասին է խոսքը:
-Այս էլիտար, հիերարխիկ ձևերը ընդունելի չեն: Ինչ է նշանակում եկեք միացեք ինձ, կամ եկեք ինձնից խորհուրդ խնդրեք, օգնություն խնդրեք, ես կօգնեմ: Չէ՞ որ քաղաքական ուժը ծնվում է հասարակությունից, իր հիմքը սոցիալական խմբեր են, կազմակերպված հասարական խմբերն են, քաղաքական ուժն ինքը պետք է գնա նրանց մոտ. ոչ թե լինի հասարակությունից վերև կամ ներքև, այլ նրանց կողքին, նրանց մեջ: Քաղաքացիական հասարակության և մասնակցային ժողովրդավարության ուժը հենց այդ հորիզոնական հարաբերություններն են` համագործակցել որևէ ընդհանուր նպատակի համար, առանց մեկը մյուսին միանալու և առանց ես քեզանից լավն եմ, ես քեզանից բարձր եմ դիտարկումների:

-Հիմա փաստորեն հասարակության պահանջներն ավելի շատ են թե իշխանությունից և թե ընդդիմությունից:
-Հասարակության վիճակը միատարր չէ: Այն, ինչ Երևանի կենտրոնում ենք տեսնում, շատ է տարբերվում հանրապետության մնացած մասերի վիճակից: Երևանում իհարկե ակտիվացել են տարբեր քաղաքացիական նախաձեռնությունները, որոնք ժողովրդավարության ամենակարևոր պայմաններից են: Մենք երկար տարիներ խոսել ենք, որ ՀԿ-ները կաշառված են, որ Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, բայց այսօր տեսնում ենք նոր որակի քաղաքացիական հասարակության ծնունդ: Իմ կարծիքով, հենց նրանք են, որ այլընտրանք են, որ գործում են և պայքարում են բոլորովին այլ արժեքներով: Ի տարբերություն քաղաքական դաշտի և դոմինանտ քաղաքական մշակույթի, այս քաղաքացիական նախաձեռնությունները գործում են կամավոր և նյութական իմաստով անշահախնդիր սկզբունքով, նրանց գործունեությունը թափանցիկ և հրապարակային է, դրանք հիերարխիկ կառույցներ չեն, չունեն ավտորիտար առաջնորդ, որոշումների կայացումը կատարվում է բոլոր անդամների կողմից հավասարապես: Նաև արդեն իսկ նկատվում է տարբեր շարժումների և խմբերի համագործակցության պլատֆորմների ձևավորման գործընթաց:

-Կարո՞ղ ենք ասել, որ քաղաքացիականն ինչ-որ առումով այսօր հաղթել է քաղաքականին:
-Ցավոք, դեռ չի հաղթել, բայց ես տեսնում եմ դրա զարգացումը, և քաղաքացիական ոլորտի կազմակերպմանը զուգընթաց քաղաքական ոլորտը ավելի ու ավելի է ստիպված լինելու հաշվի նստել վերջինիս հետ: Կարևոր է, որ ավելի շատ երիտասարդություն ներգրավվի քաղաքացիական գործունեության մեջ, և երկրորդ` քաղաքացիական դաշտն ավելի կազմակերպված դառնա: Որքան էլ մեզ թվա, թե քաղաքացիական ակտիվիզմը սպոնտան գործունեություն է, խորքային իմաստով այն շատ լավ կազմակերպված և մանրակրկիտ ծրագրված աշխատանք է. վերջին օրինակը` Եգիպտոսի շարժումը:

-Արփինե, եթե ամփոփենք, ըստ Ձեզ, մեզանում տեղի ունեցող զարգացումները հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների տանող պրոցեսներ են, որովհետև երբևէ երկխոսելու առաջարկ իշխանությունները չէին ընդունում, իսկ հիմա անգամ պահանջներ են կատարում, իշխանությունը մեկ անգա՞մ էլ պահելու խնդիր է դրված:
-Ճիշտն ասած չեմ հավատում արտահերթ ընտրություններին, և ի վերջո դա էական էլ չէ, եթե քաղաքական, քաղաքացիական մշակույթը փոխված չլինի: Կարծում եմ` այս երկխոսություն կոչվածը երկուսին էլ ձեռնտու է` և իշխանություններին, և ՀԱԿ-ի ղեկավարներին, բայց իմ համոզմամբ, ժողովրդի մեծամասնության շահերի հետ սա որևէ կապ չունի:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
(Lragir. 6-5-2011)

No comments: