Thursday, May 5, 2011

Ադրբեջանը թաքցնում է իր ժողովրդից զինվորների իրական կորուստները

«Panorama.am», 05.05.2011: «Голос Армении»-ն գրում է, որ վերջին ժամանակներս ավելի ու ավելի հաճախ են հնչում դիպուկահարներին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանագծից հեռացնելու կոչերը: Նմանատիպ կոչով հանդես է եկել նաև Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն: Այս կապակցությամբ թերթը գրում է, որ Լիտվայի նախագահը դիպուկահարներին սահմանագծից հեռացնելու հայտարարությունն արել է հենց Բաքվում` Իլհամ Ալիևի հետ հանդիպումից անմիջապես հետո, իսկ դա շատ գովելի փաստ է:

Այնուամենայնիվ, ըստ թերթի` այդ կոչերը դժվար թե որևէ արդյունք տան, քանի որ դրանք կոնկրետ պետության փոխարեն հասցեագրվում են հակամարտության բոլոր կողմերին, այնինչ միջազգային հանրությանը վաղուց արդեն հայտնի է, որ Երևանն ու Ստեփանակերտը հավանություն են տվել այդ առաջարկին, միակ անհամաձայն կողմն Ադրբեջանն է: Ավելին, միայն վերջին տարվա ընթացքում իր «դիպուկահարական» ագրեսիայի հետևանքով Ադրբեջանը 50 զինվոր է կորցրել, սակայն ալիևյան քարոզչամեքենան այդ հանգամանքը գաղտնի է պահում իր հասարակությունից: Ներքին լսարանի համար Ադրբեջանի ղեկավարությունը հայտնում է միմիայն հայկական կողմի կորուստները:

Ըստ հոդվածագրի` հայկական կողմը պետք է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի սադրանքներին պատասխանելու համար, ՀՀ արտգործնախարարության կողմից իրականացվող դիվանագիտական նոտաները միայն բավական չեն, եթե այսպես շարունակվի, Ադրբեջանը կարող է մտածել, թե անպատժելի է:

No comments: