Monday, May 9, 2011

Ինչ մոտեցումներ ունի հայ եկեղեցին

«Lragir.am», 09/05/2011: Ֆրիդրիխ Գլազլը քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր է, ապրում է Զալզբուրգում: Մայիսի 5-7-ը նա ժամանել էր Երեւան եւ կառավարման ոլորտին վերաբերող դասախոսություններով հանդես եկել Հայաստանի գերմանական համալսարանում: Նրա Դիմագրավել կոնֆլիկտին գիրքը թարգմանվել է հայերեն: “Ոչ վստահ իրավիճակներում կոնկրետ գործողությունների դիմելու ու սթափ որոշումներ ընդունելու ունակություն”, “Ռիսկերը որպես ընձեռվող հնարավորություն, քան սպառնալիք դիտարկելու հմտություն”, “Երկարաժամկետ կտրվածքով ծրագրելու ու գործելու կարողություն”.- այս թեմաներին էին վերաբերում պարոն Գլազլի դասախոսությունները: Ֆրիդրիխ Գլազլի հետ մեր հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ:

- Դուք քանիցս եղել եք Հայաստանում, այդ թվում նաեւ Մարտի 1-ից հետո: Ձեր դիտարկմամբ, քաղաքական, սոցիալական, իրավական ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանը որպես հետխորհրդային երկիր:
- Ես ականատեսն եմ շրջադարձի տրամադրությունների: Առիթ եղավ հանդիպելու եւ շփվելու երիտասարդների հետ, եւ ես համոզվեցի, որ նրանք փոփոխություններ են ուզում: Շատ մարդիկ արդեն կողմնակից են փոփոխությունների: Զգացվում է, որ կա կամք, ցանկություն, եւ այդ տպավորությունն է գերիշխողը: Այն երեւույթները, որոնք տիպական են Հայաստանին, տիպական են նաեւ Վրաստանին, Ռումինիային, այլ երկրների: Դրանք հիմնականում վերաբերում են կառավարություն-խորհրդարան, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին: Մի կողմից` ընդդիմությունը կառավարությանը համարում է կոռումպացված, ավազակային, մյուս կողմից` իշխանությունը ընդդիմությանը դիտարկում է որպես պետության թշնամիների: Այս տիպական երեւույթը ցույց է տալիս, որ մարդիկ շատ բան ունեն սովորելու, որպեսզի ավելի հասուն հայացքով նայեն միմյանց:

- Ի՞նչ կոնֆլիկտներ կան Ձեր Հայրենիքում` Ավստրիայում, եւ ինչպե՞ս է հաջողվոււմ հաղթահարել դրանք` ի տարբերություն հետխորհրդային երկրների:
- Ավստրիայում խնդիրներ էին ծագել` կապված ֆինանսական ճգնաժամի հետ: Շատ կարեւոր հարց էր, թե ինչը պետք է փոխենք մեր գործելակերպում եւ ինչ վերաբերմունք պետք է դրսեւորենք: Եվ իշխանությունները, եվ տնտեսական ոլորտի աշխատակիցները հստակ գիտակցում են մի բան. պետք է նոր լուծումներ գտնել, ոչ թե գործող համակարգում իրականացնել դեկորատիվ փոփոխություններ: Արեւմուտքում, լիբերալիզմի զարգացման պայմաններում պետության դերն աստիճանաբար թուլացավ: Փոխարենը հզորացան տնտեսական կառույցները, ինչն էլ հանգեցրեց ճգնաժամի, որովհետեւ բալանսը խախտվեց: Հիմա խորհրդարաններն ընդունում են խիստ օրենքներ եւ հսկողություն են սահմանում խոշոր տնտեսական գործիչների, բանկերի նկատմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, օրինակ, պետությունը շատ մեծ դեր էր հատկացնում կրթության ոլորտի կազմակերպմանը: Պետությունը վերահսկում էր կրթության ոլորտի գործընթացները եւ կանոնակարգում դրանք: Պետությունը նաեւ ինքնակառավարման հնարավորություն էր տալիս կրթօջախներին , սակայն այդ գործընթացն այնքան էլ հեշտ չէր ընթանում: Որպեսզի ձեռնարկություններին ազատ գործելու հնարավորություն ընձեռվի, պետք է մշակվեն խաղի կանոններ, եւ պետական ծառայողները հրաժարվեն իրենց իրավասություններից: Մյուս խնդիրն այն է, որ Շվեյցարիայում, Ավստրիայում, Գերմանիայում վերջին տարիներին ծնելիությունն անկում է ապրել: Եվ դա նշանակում է, որ այդ երկրները մարդկային ռեսուրսների մեծ կարիք ունեն: Այդ երկրներում տեղի է ունենում մեծ ներգաղթ (թուրքեր, ռումինացիներ, պորտուգալացիներ), որն էլ առաջացնում է միջմշակութային, միջկրոնական խնդիրներ: Խնդիր է առաջանում, թե ինչպես կարելի է այդ մարդկանց ինտեգրել գերմանական կամ ավստրիական հասարակություններին, քանի որ ներգաղթյալները ուզում են պահպանել իրենց ազգային, մշակութային ինքնությունը: Տեղի են ունենում քաղաքական, կուսակցական խաղեր: Աջակողմյան կուսակցություններն, օրինակ, թմբկահարում են, որ Շվեյցարիան կարող է դառնալ մուսուլմանական երկիր, մինչդեռ մուսուլմաններն ընդամենը հինգ տոկոս են կազմում: Սակայն այդ խնդիրները թմբկահարվում են մամուլում եւ հասարակության մեջ առաջացնում լարվածություն, բարդ հարաբերություններ:

- Եվրոպացիները հաճախ փորձում են իրենց օրենսդրական գործունեության, կառավարման փորձը կիրառել հետխորհրդային երկրներում: Ըստ Ձեզ` այդ փորձի կիրառումը արդյունավե՞տ է մեր տիպի երկրներում:
- Պետք է ճիշտ գործել, այնպես, ինչպես դա ժամանակին արվել է արեւմտյան երկրներում: Օրինակ, իշխանություն-ընդդիմություն հակասությունները կան նաեւ այլ երկրներում, բայց դրանք տարբեր կերպ են դրսեորվում Անգլիայում, մեկ այլ կերպ` Ավստրիայում: Կան, այնուամենայնիվ, հիմնարար խնդիրներ, որոնք արդյունավետ են դարձնում երկխոսությունը: Պետք է յուրացնել այդ փորձառությունը, որից էլ կարող է ծնվել հայկական երկխոսություն տարբերակը: Տնտեսության մեջ գոյություն ունի տուրբո-կապիտալիզմը, որը կապված է կարճ ժամկետում հրատապ շահույթ ստանալու հետ: Տնտեսական գործիչներն այդ դեպքում իրենց վրա որեւէ պատասխանատվություն չեն վերցնում, թե ինչ սոցիալական խնդիրներ կարող են ծագել կամ կարող է խախտվել բնական միջավայրը: Այդպիսի երեւույթներ տեղի են ունենում հատկապես Ռուսաստանում: Մինչդեռ տնտեսական գործիչները պետք է պատասխանատվություն վերցնեն իրենց վրա, եւ դա սկզբունքային մոտեցում է:

- Մշակույթն ի՞նչ դեր կարող է խաղալ հասարակական երկխոսության տեսանկյունից:
- Շատ մեծ դեր, հսկայական, քանի որ մշակույթը գործ ունի գիտակցության, նորարական ունակությունների եւ պատասխանատվության գիտակցության հետ: Մշակույթը կարող է դեր խաղալ այն դեպքում, երբ կախման մեջ չի գտնվում իշխանություններից եւ տնտեսական գործիչներից, ինքնաբավ է: Արեւմուտքում սկզբունքային դիրքորոշում է մշակույթին լիակատար ինքնուրույնություն տալը:

- Ի՞նչ տպավորություններ եք ստացել Հայաստանից:
- Հայաստանն ունի հարուստ մշակութային ժառանգություն: Ցավոք սրտի, ես գրեթե ծանոթ չեմ, թե հայ եկեղեցին նոր ժամանակների հետ կապված խնդիրների ինչ լուծումներ է առաջ քաշում: Հեռուստատեսային հաղորդումներից այն տպավորությունն եմ ստացել, որ հայ եկեղեցին ավանդապահ կառույց է: Ես տեսել եմ Մայր տաճարը, որը հայկական ճարտարապետության տարրերը պահպանելով հանդերձ` նոր ճարտարապետական հայեցակարգ է: Նման տիպի կառույցի դեպքում ենթադրվում են այլ տիպի հարաբերություններ, քան ավանդական կառույցի դեպքում է: Կա նաեւ հարցի մյուս կողմը, թե ինչ մոտեցումներ ունի եկեղեցին ժամանակակից սոցիալական, գիտական խնդիրների նկատմամբ: Հայաստանն առայժմ փորձ է անում ազատագրվել սովետական գերիշխանության կպչուն մնացուկներից:
ԶՐՈՒՑԵՑ ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

No comments: