Thursday, June 23, 2011

Թուրքիայում քուրդ պատգամավորին չգրանցելու փաստը բողոքներով են դիմավորել. Իրավիճակը լարվում է

News.am. 23-6-2011- Թուրքիայում քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության կողմից առաջադրած անկախ թեկնածու Հաթիփ Դիջլեյին պատգամավոր չգրանցելու փաստը Թուրքիայի մի շարք բնակավայրերում բողոքի ալիքներ է բարձրացրել։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրից ռեկորդային քվեներով ընտրված Հաթիփ Դիջլեյին պատգամավոր չգրանցելու դեմ բողոքի լուրջ գործողություններ են տեղի ունեցել Ստամբուլում եւ Իզմիրում, որտեղ ցուցարարները բղավել են, թե Բարձրագույն ընտրական խորհուրդը հեղաշրջում է իրականացնում իշխող կուսակցության հետ եւ պահանջել է որոշումը հետ կանչել։
Գրեթե բոլոր տեղերում ոստիկանությունը ցրել է ցուցարարներին՝ օգտագործելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ։ Իսկ Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ շրջաններում ի նշան բողոքի փակ են եղել բոլոր առեւտրական տաղավարներն ու խանութները:

Նշենք, որ Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի փոխնախագահ Թուրան Քարաքայան 7 ժամ տեւած քննարկումներից հետո հայտնել էր, թե Հաթիփ Դիջլեին պատգամավոր չեն գրանցել, քանի որ նա նախկինում 1 տարի 8 ամիս դատվածություն է ունեցել:

Քուրդ քաղաքական գործիչների «Ժողովրդավարական հասարակության միություն»-ը (DTK) խիստ է արձագանքել Թուրքիայի բարձրագույն ընտրական խորհրդի որոշմանը եւ պնդել, թե այդ որոշման մեջ կարեւոր դերակատարություն է ունեցել իշխանությունը։

DTK-ն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել, որի ավարտից հետո հայտարարություն է տարածել՝ սպառնալով, որ այս որոշման հետեւանքով սկսվելիք քաոսի պատասխանատուն է լինելու իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը։

Հայտարարության մեջ իշխող կուսակցությանն ու գլխավոր ընդդիմությանը կոչ է արվել որոշումը հետ կանչելու համար շտապ քայլեր ձեռնարկել, իսկ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությանը՝ ժողով հրավիրել եւ իր լուր աշխարհի հայտարարել, որ հրաժարվում են առանց Հաթիփ Դիջլեյի մտնել խորհրդարան։

No comments: