Thursday, June 23, 2011

«Մենք հայերին ոչինչ էլ չենք վաճառել». թուրքական ընկերությունը Ստեփանակերտի օդակայանի մասին

Tert.am. 23-6-2011- Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը փորձում է պարզել, թե թուրքական Demirci makina ընկերությունն ինչ առնչություն ունի Ստեփանակերտի օդանավակայանի շինարարության հետ։
Բաքվում Թուրքիայի դեսպանատան աշխատակիցը 1news.az–ին ասել է, որ եթե պարզվի՝ այդ ընկերությունն իրոք սարքավորումներ է վաճառել Ստեփանակերտին, նրա դեմ խիստ միջոցներ կձեռնարկվեն ըստ թուրքական օրենքների։
Իր հերթին Demirci makina ընկերության մենեջեր Աքիֆ Թամիմն ասել է, թե հայկական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Մենք երբեք Հայաստանի հետ որևէ կապ չենք ունեցել։ Այդ երկրի կողմից ոչ մի անգամ պատվեր չի ստավցել։ Սարքավորումները, որոնց մասին լուրեր են պտտվում, մենք վերջերս վաճառել ենք իրանցի գործընկերներին։ Իսկ թե նրանք ում են վաճառել այդ սարքավորումները, ոչինչ չգիտեմ»,– ասել է Աքիֆ Թամիմը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ադրբեջանական Зеркало թերթին տված հարցազրույցում անանուն թուրք դիվանագետը ասել էր, թե իր երկրի ընկերություններից մեկը մասնակցում է Ստեփանակերտի օդանավակայանը սարքավորումներով ապահովելու ու այն կարգի բերելու աշխատանքներին։
ԼՂՀ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, ըստ «Ռեգնումի», հաստատել է վերոնշյալ տեղեկությունը։
«Մենք արդեն թուրքական Demirci makina ընկերությունից գնել ենք օդանավակայանի ցանկապատման համար մետաղական ցանց կապելու սարքավորում»,– ասել է նա՝ ընդգծելով, որ ֆինանսական առումով այն բավականին շահավետ գործարք էր։

No comments: