Sunday, June 5, 2011

Իրանի նախագահի այցի մասին

«Լրագիր» 4-6-2011- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Հայաստանի կատարելիք այցի կապակցությամբ “Գոլոս Արմենի” թերթը հարց է ուղղել քաղաքագետ Իգոր Մուրադյանին, թե տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակի ֆոնին ի՞նչ գնահատական կարելի է տալ այդ այցին:
Իգոր Մուրադյանի խոսքով, Իրանի նախագահ Ահմադինեժադի այցը տեղի է ունենում երկու պետություններում ստեղծված լարվածության պայմաններում, այդ պատճառով էլ մեկնաբանները և դիտորդները հակված են այս այցը կապել ներքին խնդիրների հետ: Իրականում, այս այցը հատուկ նշանակություն ունի աշխարհաքաղաքական առումով:
Վերջին տարիներին Հարավային Կովկասում ԱՄՆ ակտիվության նվազման ֆոնին Թուրքիան և Ռուսաստանը ավելի ու ավելի շատ են ցուցադրում դաշինք հիշեցնող հարաբերություններ հաստատելու մտադրությունը: Համենայնդեպս, հրապարակային քաղաքականություն վարելու պայմանավորվածություններին զուգահեռ Մոսկվան ու Անկարան հասել են որոշ ոչ բաց պայմանավորվածությունների: Դա արդեն ԱՄՆ և Եվրոպայի վերլուծական շրջանակների համար պրոֆեսիոնալ, հատուկ քննարկման առարկա է դարձել “թուրքական թեմայի” մյուս ասպեկտների կողքին, որը նախևառաջ ընդգրկում է Մերձավոր Արևելքը, ինչպես նաև Կովկասը և Բալկանները:
Թուրքիան ավելի վաղ լուրջ աշխարհաքաղաքական պարտություն է կրել Կենտրոնական Ասիայում և Բալկաններում, այժմ պայքար է ընթանում Մերձավոր Արևելքում նոր դիրքեր ձեռքբերելու համար, որտեղ կատարվում է նեոօսմանիզմի հայեցակարգի գլխավոր խաղադրույքը: Սակայն, Թուրքիային վստահելի թիկունք է անհրաժեշտ Եվրասիայում, և դա միայն Ռուսաստանը կարող է ապահովել: Անկասկած, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև Կովկասի ու Սև ծովի հարցում պայմանավորվածություններ կան, և Թուրքիան հասկանում է, որ վերջնականապես հայկական հարցը “փակելու” հարցում միայն Ռուսաստանը կարող է օգնել: Ամերիկացիները` ինչպես քաղաքական գործիչները, այնպես էլ փորձագետները, պնդում են, որ ԱՄՆ-ն պատրաստ է վճռական կերպով արձագանքել տարածաշրջանում իրական սպառնալիքի հնարավոր ի հայտ գալուն, որն արդեն կասկածելի է դարձել: Միաժամանակ, Թուրքիայի և Իրանի միջև այդպես էլ “մեղրամիս” չստացվեց, քանի որ ոչ Արևմտյան հասարակայնությունը, ոչ էլ Իրանը չցանկացան Թուրքիային որպես ռազմավարական միջնորդ տեսնել իրենց միջև:
Ռազմավարական “եռանկյունու”` Թուրքիա, Ռուսաստան, Իրան, 3 “անկյուններից” հենց Թեհրանն է հայտնվել ամենավատ իրավիճակում: ԱՄՆ-ն չի շտապում դիմագրավել Թուրքիայի էքսպանսիային, հուսալով, որ դա կհանգեցնի Թուրքիայի բախմանը տարածաշրջանի առաջատար պետությունների հետ, այդ պատճառով էլ Իրանի դրությունը ոչ այնքան բարենպաստ է դարձել: Դրանով հանդերձ, մի ամբողջ շարք լուրջ խնդիրներ գոյություն ունեն Իրանի և Թուրքիայի հարաբերություններում Մերձավորարևելյան ասպարեզում, ընդ որում, այդ հակասությունները երկարաժամկետ, ռազմավարական բնույթ են կրում: Դա և Սիրիայի ու Իրաքի խնդիրն է, և մի շարք վայրերում սուննի-շիա հակադրությունը: Տվյալ իրավիճակում, ինչպես նաև հաշվի առնելով գլխավոր արտաքին սպառնալիքը` կոալիցիայի ու տարածաշրջանում նրա գործընկերների կողմից Իրանը տնտեսական, տեխնոլոգիական և կոմունիկացիոն շրջափակման ենթարկելը, Իրանը չի կարող անտարբեր լինել իր հարևան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին և աճող ռիսկերին:
Թեհրանում Հայաստանին դիտում են որպես բնական և բավական վստահելի գործընկերոջ, ընդ որում, Հայաստանը հետաքրքիր է նաև որպես Արևմուտքի ու Ռուսաստանի հետ բավական լայն հարաբերություններ ունեցող երկիր: Թուրքիայի և Ռուսաստանի աննախադեպ մերձեցման, Ռուսաստանի կողմից Հայաստանի ու Իրանի ազգային շահերն անտեսելու, Թուրքիայի և Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմաններում Հայաստանը և Իրանը ձգում են միմյանց և ավելի սերտ հարաբերություններ հաստատելու ձգտում են ցուցաբերում: Ինչ վերաբերում է ներքին ասպեկտներին, ապա Իրանը շահագրգռված է Մոսկվայում Պուտինի թիմի աջակցությամբ և ամեն գնով պատրաստ է իր ջանքերը ներդնել Դ. Մեդվեդևին չեզոքացնելու գործում: Դրանով հանդերձ, Իրանի շահերը, անկասկած, համընկնում են Հայաստանի շահերին:
Այժմ, երբ պարզվում է, որ Արևմտյան հասարակայնությունը, նախևառաջ, ԱՄՆ-ն այդպես էլ խաղադրույք չի կատարել Մեդվեդևի վրա, այլ ընդամենն իրենց “նախընտրությունն” են արտահայտել, շահագրգռված պետությունները ավելի վճռական են Պուտինին աջակցելու գործում, որպեսզի թույլ չտան, որ Ռուսաստանը վերադառնա նախկին վատ տարիներին: Իրանը կարող էր ավելի վճռական լինել “նոր” տարածաշրջանային քաղաքականության ընդլայնման հարցում, մասնավորապես նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ձևավորման գործում, եթե Հայաստանը կարողանար համագործակցությանը պարտրաստ լինելու համապատասխան ազդանշան ուղարկել նրան: Պետք է հասկանալ, որ ընթանում է ամերիկա-իրանական հակադրության վերջին փուլը, և այդ երկու պետությունները դատապարտված են մերձենալու, որքան էլ որ տարօրինակ հնչի: Դրա արդյունքում ընդարձակ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության մեջ սկզբունքային փոփոխություններ տեղի կունենան: ԱՄՆ-ն գերազանց հասկանում է, որ Իրանը տարածաշրջան ձևավորող պետություն է, սակայն ամենևին էլ ագրեսիվ չէ և “խոր պաշտպանության” մեջ է գտնվում, մինչդեռ Թուրքիան փուլ առ փուլ ԱՄՆ և շատ այլ պետությունների համար դառնում է թիվ մեկ խնդիրը: Քայլ առ քայլ քաղաքականությունը ևս վատ չի դիտվում, սակայն եկել է լուրջ աշխարհաքաղաքական վերլուծության ժամանակը որպես արտաքին քաղաքականության բազային պայման, ասել է Իգոր Մուրադյանը:

No comments: