Saturday, June 18, 2011

Համլետ Հարությունյան. Ադրբեջանը հակամարտության կողմ պետք է ճանաչի ԼՂՀ-ն. սա աքսիոմատիկ ճշմարտություն է

News.am. 18-6-2011- ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, իր իսկ խոսքերով, մեծ հույսեր չի փայփայում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայանալիք առաջիկա հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում էական առաջընթաց կգրանցվի։ Այս մասին պատգամավորը հայտարարեց հունիսի 18-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Չեմ կարծում, որ Ադրբեջանը կառուցողական առաջարկներով հանդես գա։ Իհարկե, տա Աստված, որ սխալվեմ, եւ Ռուսաստանում կողմերի միջեւ առաջընթաց արձանագրող փաստաթուղթ ստորագրվի։ Սակայն բանակցային գործընթացում որքան կառուցողական է Հայաստանը, ճիշտ նույն չափով ապակառուցողական մոտեցումներ է ցուցաբերում ադրբեջանական կողմը։ Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանն իր այս դիրքորոշումը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կառույցներն այդ երկրի վրա ճնշումներ չեն գործադրում»,- կարծիք հայտնեց Հարությունյանը։
Նա հատկապես կարեւորեց կազանյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի կողմից հրադադրի ռեժիմի խախատման հարցի բարձրացումը եւ ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու անհրաժեշտության արծարծումը։ «Ադրբեջանը հակամարտության կողմ պետք է ճանաչի ոչ թե Հայաստանին, այլ Լեռնային Ղարաբաղին։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- ամփոփեց ՀՀԿ-ական պատգամավորը՝ միաժամանակ ընդգծելով, որ ԼՂՀ-ն բանակցային գործընթացից դուրս թողնելու մեղավորությունը ոչ թե հայաստանյան իշխանություններինն է,այլ միջազգային կառույցներինը։

Նշենք, որ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը կկայանա հունիսի 25-ին՝ Կազանում:

No comments: