Thursday, June 16, 2011

Եթե նախագահը խաբում է

«Լրագիր» 16-6-2011-Հայկական Ժամանակ օրաթերթը տեղեկություն է հրապարակել, որ որոշ ՀՀԿ-ականների ձեռքին է հայտնվել ՀՀԿ նախընտրական ցուցակի այսպես ասած մի նախագիծ, որտեղ ՀՀԿ հնաբնակ դեմքեր չկան, եւ երիտասարդներից կազմված ցուցակը գլխավորում է Հովիկ Աբրահամյանը:
Հանրապետական պատգամավորներից շատերը, ըստ թերթի, հերքել են այդպիսի ցուցակի գոյությունը, ասելով, որ այդպիսի ցուցակ չեն տեսել:
Այդուհանդերձ, միանգամայն տրամաբանական է այդպիսի ցուցակի գոյությունը: Ի վերջո, անտրամաբանական կլինի հակառակը` որ ՀՀԿ նախընտրական ցուցակում Սերժ Սարգսյանը ներառի այսպես ասած ՀՀԿ հնաբնակներին կամ կարկառուն գործիչներին, այլ կերպ ասած` ներկայիս խմբակցության 99,95 տոկոսին:
Դա կլինի առնվազն անհասկանալի որոշում, կամ դրանով հասկանալի կլինի, որ Սերժ Սարգսյանը բացարձակապես մտադիր չէ երկրում կատարել որեւէ հիմնարար բարեփոխում:
Ինչ վերաբերում է ցուցակը գլխավորելուն, ապա կասկած չկա, որ այստեղ իհարկե Սերժ Սարգսյանը պետք է ընտրություն կատարի ԱԺ նախագահի եւ վարչապետի միջեւ: Մեծ հաշվով, ում էլ նա ընտրի, երեւի թե այդ ամենը լինելու է այսպես ասած քաղաքական բուտաֆորիա, եւ ընտրվողը կատարելու է այն, ինչ կասի Սերժ Սարգսյանը կամ նախագահի նստվայրը:

Սակայն, պարզ է, որ այդ բուտաֆորիայի ընտրությամբ Սերժ Սարգսյանը կամ նախագահի նստավայրը ինչ որ բան պետք է ասի, հասարակությանը, միջազգային հանրությանը, ինչպես նաեւ համակարգին: Եթե ընտրվում է Հովիկ Աբրահամյանը, ապա համակարգին փաստացի ասվում է` հանգիստ եղեք, ձեզ ոչինչ չի սպառնում, եթե ձեզ կամայականություններ թույլ չտաք: Իսկ հասարակությանն ու միջազգային հանրությանն այդ դեպքում ասվում է` համակարգային բարեփոխումների անգամ փոքր հույս էլ չունենաք:

Մյուս կողմից, եթե ընտրվում է Տիգրան Սարգսյանը, ապա այստեղ, դատելով նրա անցած եռամյա վարչապետական ուղուց, Սերժ Սարգսյանը փաստացի նույն բանն է ասում` համակարգին հանգստացնում է, իսկ հասարակությանն ու միջազգային հանրությանն ասում, որ բարեփոխումների հույս չունենան: Ի վերջո, Տիգրան Սարգսյանն այդքան խոսել է բարեփոխումներից, սակայն նրա գործունեության ծանրությունը զգացել է միայն շարքային քաղաքացին, իսկ համակարգը պահպանել է իր դիրքերը:

Այստեղ իհարկե կա մի նրբերանգ` Սերժ Սարգսյանը զսպել է բարեփոխումների իրական գործընթացը, հասկանալով, որ իր իշխանությունը բավականաչափ ամուր չէ այդպիսի արմատական քայլեր թույլ տալու համար, քանի որ այդ դեպքում կհասունանար ներհամակարգային հեղաշրջումը:

Հնարավոր է, որ այդպես է: Բայց, եթե առաջիկա ընտրությունը Սերժ Սարգսյանը չի դարձնելու այդ վտանգները չեզոքացնելու, այսինքն համակարգային այնպիսի վերադասավորում անելու համար, որ բարեփոխումներն այեւս իրենցից չներկայացնեն ներիշխանական հեղաշրջման հասունացման վտանգ, ապա նա կամ ի վիճակի չէ իշխանություն ձեւավորել եւ այդ պատճառով պետք է հեռանա` որպեսզի երկրում վերջապես իշխանություն ձեւավորվի, կամ էլ նա չի ուզում բարեփոխում իրականացնել, եւ այդ պատճառով առավել եւս պետք է հեռանա թե չուզելու, եւ թե փաստորեն հասարակությանը միանգամայն գիտակցված մոլորեցնելու պատճառով:

Ավելին, այդ պարագայում նախագահները ոչ միայն հեռանում են, այլ նաեւ պատասխան են տալիս հասարակությանը խաբելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: