«Լրագիր» 15-6-2011- Թուրքիայի Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների թուրքական հիմնադրամի` TESEV-ի հրապարակած սոցհարցման տվյալով, թուրքերի 44 տոկոսը դեմ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերության հաստատմանն ու սահմանի բացմանը: Այդ մասին հաղորդում է Ազատություն ռադիոկայանը: Դիվանագիտական հարաբերության հաստատման եւ սահմանի բացման կողմ է հանդես գալիս թուրքերի 39 տոկոսը:Հայաստանի հետ հարաբերության բարելավման նկատմամբ առավել անհաշտ դիրքորոշում են որդեգրել Թուրքիայի սեւծովյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Անատոլիայի բնակիչները: Այստեղ հարաբերություններում առկա ստատուս քվոյի պահպանման օգտին է հանդես գալիս բնակչության մինչեւ 60 տոկոսը:
Միակ տարածաշրջանը, որտեղ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միանշանակ աջակցություն է վայելում` շուրջ 58 տոկոս, Թուրքիայի` քրդերով բնակեցված հարավարեւելյան շրջաններն են: Հայաստանի հանդեպ համեմատաբար դրական մոտեցում ունեն նաեւ Էգեյանի ծովափնյա շրջանում ապրող թուրքերը:
Ազատությունը հայտնում է, որ Հայաստանի հետ տնտեսական կապերի հաստատման հանդեպ թուրքերի վերաբերմունքը կարծես ավելի դրական է:
Երկրի արեւելյան շրջաններում Հայաստանի հետ տնտեսական ուղղակի կապերի հաստատմանը կողմ է արտահայտվել հարցվածների մոտ երկու երրորդը:
Հարցվածների գրեթե 40 տոկոսը նշել է, որ Հայաստանի հետ գործարար կապերի ակտիվացումը նախեւառաջ կնպաստի Թուրքիայի տնտեսության զարգացմանը:
«Արդյոք կո՞ղմ եք Հայաստանի հետ մշակութային կապերի սերտացմանը», - TESEV-ի մասնագետների այս հարցին դրական է պատասխանել թուրքերի 51 տոկոսը: Մշակութային կապերի հաստատման կողմնակիցների 14 տոկոսը, ի դեպ, նշել է, որ հայերն ու թուրքերը ընդհանուր պատմություն ունեն:
Թուրք վերլուծաբանները նաեւ փորձել են պարզել` ինչպես են պատճառաբանում Հայաստանի հետ հարաբերությունների հանդեպ ունեցած վերաբերմունքը երկրի բնակիչները:
Հայաստանի հետ կապերը վերահաստատելուն եւ սահմանի բացմանը կողմ արտահայտվածների մոտ 40 տոկոսը նշել է, որ հարկավոր է ի վերջո լուծել երկու երկրների միջեւ առկա հակամարտությունը:
Եվս 11 տոկոսի կարծիքով էլ` հայ - թուրքական հարաբերություններն անհրաժեշտ է բարելավել, քանի որ հարեւան պետություններն ի վերջո պետք է բնականոն կապեր հաստատեն:
Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանն ընդդիմացող թուրքերի պատճառաբանություններն ավելի բազմազան են: Հարցվածների 13 տոկոսը պնդել է, թե պաշտոնական Երեւանի հետ հարաբերություններ պետք չէ հաստատել, քանի որ հայերը Թուրքիայի հանդեպ բարեկամաբար չեն տրամադրված: Եվս 11 տոկոսը հայերին մեղադրում է դավաճանության, իսկ 9 տոկոսը` Ցեղասպանության մասին մեղադրանքներ հնչեցնելու մեջ:
Հետաքրքրական է, սակայն, որ այն գլխավոր նախապայմանը, որ առաջ է քաշում պաշտոնական Անկարան` Ղարաբաղի խնդիրը, Թուրքիայի բնակիչների ճնշող մեծամասնությանն առանձնապես չի հուզում: Հարցվածների միայն 5 տոկոսն է նշել, թե պաշտոնական Երեւանի հետ հարաբերությունները չպետք է բարելավվեն Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment