Friday, December 23, 2011

Մեր «հանցավոր» պապերը

Մեր զրուցակիցն է սոցիոլոգ Գայանե Ղազարյանը
-Գայանե, այսօր շատերն են փաստում հասարակության մեջ բարոյականության անկման մասին`որպես օրինակ բերելով հատկապես սեռական բռնության, մանկապղծության, մանկասպանության դեպքերը: Որպես սոցիոլոգ, ինչպե՞ս կգնահատեք անկման ցուցանիշը:
-Անկման ցուցանիշը գնահատելու համար պետք է ունենալ երկարաժամկետ տվյալներով վիճակագրական բազա, որում տեսանելի կլինի անցյալից մինչ օրս եղած փոփոխության դինամիկան: Սակայն նման բազա օբյեկտիվորեն գոյություն չունի, քանի որ վիճակագրությունը նոր գիտություն է, և նեղ թեմատիկայով վիճակագրական ուսումնասիրություններ դարեր առաջ չեն արվել, ուստի համեմատական նյութը բացակայում է: Սակայն վերջին հարյուրամյակի կտրվածքով կան որոշ դիտարկումներ այս և հարակից թեմաների առնչությամբ, որոնք փաստում են, որ բռնության կամ «բարոյալքման» դեպքերը ոչ թե աճում են (կան նույնիսկ ոլորտներ, որոնցում նվազում են), այլ պարզապես հայտնաբերվում ու հանրայնացվում են առավել մեծ ակտիվությամբ ու սփռվածությամբ, քան առաջ:

-Ինչու՞:
-Հիմնական պատճառները երկուսն են. 1. Նախ, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ ինֆորմացիան առավել արագ և լայնամասշտաբ է սփռվում, ինչը հանգեցնում է հետևյալ պատրանքին. տեղեկատվությունը, մտնելով առավել մեծ քանակությամբ մարդկանց տեսահորիզոն, «բազմանում է», այսինքն՝ սկսում է թվալ «ավելի հաճախ», քան իրականում կա, քանի որ տեղ է գտնում առավել մեծ քանակությամբ ուղեղներում, դառնում է առավել հիշատակելի ու սողոսկում է առավել բազմազան համատեքստեր: Այսպիսով՝ մի դեպքը բազմացվում ու երևում է առավել տարողունակ, քան նույնատիպ մի այլ դեպք, որը տեղի է ունեցել, ասենք, 654 թվականին և որի մասին, բացի մի քանի հոգուց, չի իմացել և ոչ ոք, ուստի դեպքը չի փոխանցվել, մոռացվել է և այժմ թվում է բացակա: «Բացակա» նախկին դեպքերի և բազմացված ներկա դեպքերի արդյունքում ունենում ենք հասարակության պատկերացումներում դաջված մի աղճատված իրականություն, որից եզրահանգումը տրամաբանորեն լինում է այն, որ բարոյականությունն անկում է ապրում:
Սրան գումարվում է, իհարկե, մեկ այլ օբյեկտիվ հանգամանք, որ ցանկացած սերունդ տիրապետում է իր ժամանակի ընթացիկ տեղեկատվությանը, նախկինների ակտուալ տեղեկությունները նոսրանում են, քանի որ հիշողների թիվն է պակասում: Արդյունքում նորից ստանում ենք նույն ոչ լիարժեք պատկերը, որը նպաստում է բարոյալքման մասին եզրահանգման ամրապնդմանը: Նաև սա է պատճառը, որ Սոկրատեսի փաստումը՝ «նոր սերունդը վատն է ու անդաստիարակ» (վերաձևակերպումն իմն է), մինչ օրս ինքն իր համար եզրակացնում ու կրկնում է ամեն առանձին սերունդ:
Երկրորդ պատճառը բարոյականության՝ թույլատրելի-դատարպարտելիի մասին պատկերացումների կտրուկ փոփոխությունն է հատկապես 20-րդ դարում, ինչի հետևանքով էլ հենց հանրայնացվում ու արձագանք են գտնում նշված բոլոր դեպքերը, քանի որ անցյալում դրանք եղել են օրինաչափ, երբեմն էլ կազմել կյանքի պարտադիր և նույնիսկ ծիսական մասը, իսկ այժմ դիտվում են դատապարտելի և հակաօրինական:
Պատմության կտրվածքով ոչ շատ վերջերս է, որ սկսել է կարևորվել մարդկային կյանքը, ազատությունն ու հավասարությունը բոլոր իմաստներով՝ սեռ, տարիք, ազգություն, խավ և այս ամենը՝ օրենքի մակարդակով, այլ ոչ միայն մի քանի տասնյակ փիլիսոփաների մտագործունության մեջ (քանի որ փիլիսոփայական մտորումներն այս հարցերի շուրջ տևում են արդեն հազարամյակներ): Ոչ շատ վերջերս է նաև, որ սկսել է դատապարտվել բռնությունը, ձևակերպվել են երեխայի անչափահասության կոնցեպցիան, երեխայի իրավունքները և այլն: Բարոյականությունը ոլորտների չափազանց լայն սպեկտր է ընդգրկում, այնպես որ շփոթմունքի ու ավելորդ ծավալումների գիրկը չընկնելու համար եկեք անդրադառնանք հենց Ձեր կողմից նշված երևույթներին, որոնց օրինակով պարզ կդառնա՝ որքան անհեթեթ են բարոյալքման մասին հայտարարությունները:
Մանկապղծություն նշանակում է սեռական ոտնձգություն կամ հարաբերություն անչափահասի հետ: «Անչափահաս» հասկացությունն ինքնին նորույթ է մարդկության պատմության տեսակետից: Մարդը ծնվում էր ու մտնում հասուն կյանք: Այնքան հասուն, որ կարելի էր 5-6, 2-3 տարեկանին ամուսնացնել, ինչը բոլորովին չէր նշանակում (թեպետ այդպես սիրում են պնդել «ոսկեդարով» տարվածները), թե սեռական հարաբերություն տեղի չէր ունենում, և այն հետաձգվում էր մինչ սեռական հասունացում (նույնիսկ այս դեպքում տվյալ վարքը չի արդարացվում ներկայիս օրենքի տեսանկյունից, քանի որ սեռական հասունացումը տեղի է ունենում 11-13 տարեկան հասակում, իսկ օրենքը չափահասությունը սահմանում է 16-18 միջակայքում, ուստի «մանկապղծություն» հասկացությունը կիրառելի է նաև սեռական հասունության հասած, բայց անչափահաս երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելիս, ինչը և տեղի էր ունենում անցյալում): Բավական է ուսումնասիրել սեփական տոհմածառը, որպեսզի պարզ դառնա, թե քանի տարեկանում են երեխա բերել մեր բոլորի նախատատերն ու տատերը և հետևաբար քանի «հանցավոր» պապ ունենք մենք բոլորս, որոնք դեպքը այսօր տեղի ունենալու դեպքում շատ արագ կդառնային մեր պախարակման ու ԶԼՄ-ների սենսացիաների առարկան, և բոլորն անխտիր կհայտնվեին բանտերում: Այնպես որ, մանկապղծության դեպքերի ներկայիս վիճակն ընդունել որպես բարոյալքման ցուցանիշ ոչ միայն անհիմն է, այլև ծիծաղելի, քանի որ ընդամենը վերջերս է այդ երևույթն առհասարակ սկսել դիտվել որպես «մանկապղծություն» և արգելվել օրենքով:
Գանք հաջորդ օրինակին` մանկասպանություն. կրկին, երեխայի սպանությունը վերջերս է, որ դարձել է միանշանակ քննադատելի: Ավելի հին ժամանակներում մանկասպանությունը ոչ միայն հիմնված է եղել հոր բնական իրավունքի վրա՝ «ես տվել եմ կյանքը, ես էլ կխլեմ», այլ ունեցել է նաև ծիսական իմաստ, երբ երեխաները զոհաբերվել են աստվածներին: Եթե այն ժամանակ ԶԼՄ-ներ լինեին, ապա, օրինակ, ացտեկական «ԶԼՄ-ներից» ոչ մեկի մտքով չէր անցնի հերթական մի քանի տասնյակ երեխայի մորթելու ծեսից հետո հոդված գրել բարոյալքման մասին ու «համահնդկացիական հանրության» ուշադրությունը հրավիրել «փչացած սերնդի» վրա:
Ձեր կողմից նշված հաջորդ երևույթը սեռական բռնությունն է, որն ինձ մի հետաքրքիր բան է հիշեցնում, որը տեղի է ունենում հենց հիմա Աֆրիկյան պետություններից մեկում՝ Սիեռա Լեոնեում: Այնտեղ ամենուր փակցված են մեծ պաստառներ, որոնք հորդորում են տղամարդկանց չբռնաբարել կանանց, և իրազեկում, որ Սիեռա Լեոնեում դա հանցագործություն է համարվում: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես է աֆրիկյան այդ երկրի հին սերունդը նստած «գյուղամիջում» բողոքում նոր սերնդի «անքաղաքավարությունից» ու պատմում, թե ինչպես էր ինքն իր ժամանակ «տեղը մեծին զիջում մարշրուտկայում»՝ համարելով դա բարոյականության ավելի կարևոր ցուցիչ, քան, օրինակ, բռնաբարության կամ երեխայի շահագործման կանխումը: Դժվար չէ նկատել իրավիճակի հակասականությունը՝ այն, որ մեծերի այդ սերունդը նոր է սովորում և գուցե մինչ մահ չհասցնի էլ սովորել, որ բռնաբարությունն «այնքան էլ լավ բան չէ»: Այս օրինակն այնքանով է ակնառու, որ քաղաքակրթումը տեղի է ունենում ինտենսիվորեն, սերունդների միջև առավել ակներև տարբերությամբ, և բարոյալքման մասին առասպելի անտրամաբանության ցայտուն մոդել է դառնում՝ կիրառելի ոչ այսքան ակնհայտ, այլ նման իրավիճակների նկատմամբ: Ի դեպ, նույն բանը տեղի է ունենում նաև մեզանում:
Ընդամենը վերջերս մի հաղորդում տեսա հեռուստացույցով, որը նվիրված էր «անդաստիարակ նոր սերնդի» «մարշրուտնիում մեծերին տեղ չզիջելուն», որտեղ հաղորդավարը սգավոր տոնով ողբում էր հայ մանուկների անքաղաքավարությունն ու խոսեցնում մեծահասակներին, որոնք «ջահել ժամանակ տենց անտակտ չէին` տեղ տալիս էին մեծերին»: Բայց նույն այդ մեծահասակներից ոչ մեկը չի գիտակցում սեփական սերնդի ողբերգականությունը, որի բարոյականության մասին պատկերացումները տրանսպորտում տեղ տալուց այն կողմ չանցան ու ոչ մի կերպ չընդգրկեցին իրավական, անկաշառ, ժողովրդավար պետություն ունենալու իդեալը:

-Այսինքն եզրակացությունն այն է, որ բարոյականությունը նո՞ր է հաստատվում:
-Այո: Կյանքի շատ ավելի բազմազան առումներ ընդգրկող այսպիսի մոդելների շարքն անվերջ կարելի է շարունակել, բայց բերված օրինակներն էլ բավական են հասկանալու, որ «բարոյականության անկում» կամ «բարոյալքում» հասկացությունները կիրառելիս ենթադրում ենք, թե բարոյականությունն ինչ-որ ժամանակ եղել է, իսկ այժմ լքում է մեզ, ինչն անհիմն է դառնում հենց բերված օրինակներով. խոսել կարելի է բարոյականության հաստատման կամ կայացման ընթացքի մասին: Հակառակ դեպքում ստացվում է աբսուրդ մի վիճակ. երևույթներն այս եղել են մշտապես, բայց վերջերս դատապարտելի անուններ ստանալով՝ մարդկանց կողմից դարձել են բարոյականության «անկումը» չափելու նիշեր: Մինչդեռ ճիշտ հակառակը՝ այժմ դրանց դատապարտելի դառնալն է, որ փաստում է բարոյականության աստիճանական գիտակցման մասին, ինչը նախկինում չի եղել: Իսկ երբ վերցնում ես այս ամենն ավելի լայն՝ սերունդների կտրվածքով ու դիտարկում ամեն նախորդ սերնդի «էս ինչ փչացածն ա նոր սերունդը» արմագեդոնային դարձվածի շղթան, որը տարբեր ձևակերպումներով կրկնվում է արդեն մի քանի հազար տարի, ստացվում է մի զավեշտալի պատկեր՝ մեր թվարկությունից առաջ ապրած ստրկատեր, իրենց մանկահասակ երեխային կնության տվող, սեփական երեխային սպանելու իրավունքը ունեցող, հանուն մեկի վրեժն առնելու տոհմեր բնաջնջող մեր նախապապերը մեզ՝ մարդու կյանքի ու ազատության իրավունքը հաստատողներիս, բռնության ու սպանության դեմ պայքարողներիս մեղադրում են բարոյալքման մեջ: Համաձայնեք, որ համարժեք չէ: Պարզապես «բարոյալքման» առասպելի կրողները չեն էլ հետևում, թե իրենց մտքի տրամաբանությունն ուր է տանում, ուստի տեղյակ էլ չեն, որ եզրահանգումը սա է: Եթե ընդամենը չնչին լայնախոհություն դրսևորեն, ապա կնկատեն, որ գցում են իրենց բավական զավեշտալի վիճակի մեջ, ինչպես եգիպտական հին մի պապիրուսի հեղինակը, որի կանխատեսումներն այն մասին, թե «կործանման եզրին է հայտնվել մեր երկիրը… երեխաները դադարել են լսել ծնողներին, յուրաքանչյուրը ցանկանում է գիրք գրել, աշխարհի վերջն արդեն մոտիկ է», իրենց իսկ կանխատեսումների պես, փաստ է, որ չեն իրականացել: Սակայն համառությունն ու կարճատեսությունը, որով ամեն սերունդ ազդարարում է «աշխարհի վերջը» (իհարկե փոխաբերական իմաստով), մնում է նույնը:

-Եթե այդքան ակնհայտ է նման մտածողության անտրամաբանությունը, ապա ինչո՞ւ է այդ մտածողությունը գոյատևում, ինչպես Դուք եք ասում, արդեն հազարամյակներ:
-Թե ինչու է իրավիճակը գնահատվում որպես բարոյականության անկում, երբ դրա անտրամաբանությունն այսքան ակնհայտ է թվում, ունի երկու հիմնական տեսանկյուն:
1. Լայն տեսանկյունն այն է, թե այդ ի՞նչ բարոյականության մասին է խոսքը, որը մեզ լքում է: Բերված ու դեռ չբերված անվերջ քանակությամբ օրինակներն աչքի առաջ ունենալով՝ դժվար չէ նկատել, որ խոսքն «ադաթի» բարոյականության մասին է՝ ընդդեմ ազատության բարոյականության: Վերջինիս տեսանկյունից էլ հենց իրավիճակը պետք է դիտվի որպես բարոյականության աստիճանական կայացում, այլ ոչ անկում: Փաստ է նաև, որ մարդկությունը լայն իմաստով առաջընթաց է ապրել՝ գնալով առասպելականից դեպի գիտական մտածողություն, բռնության, շահագործման, տիրապետման իրավունքից դեպի մարդու կյանքի ու ազատության կարևորում և այլն: Ուստի նոր ժամանակների բարոյականությունն այն է, ինչը հիմքում դնում է մարդու կյանքի իրավունքը, ազատությունն ու հավասարությունը:
Իսկ այն բարոյականությունը, որի «լքման» մասին խոսում է յուրաքանչյուր առանձին վերցրած սերունդ, առավել հաճախ հենց ադաթայինն է (որը բարոյականության ունիվերսալ տեսակ է և գալիս է դեռ նախնադարից՝ որոշ փոփոխությունների ենթարկվելով արամատապես այլ կոնցեպցիաների ազդեցության ներքո), որը ներառում է բռնության, անհատական նախաձեռնությունների կանխման և հարակրկնվող սխեմայի՝ ադաթի մեջ դրանց խեղդման տարրեր և որոնց հաղթահարմանն էլ ուղղված է կյանքի, ազատության, անձի ստեղծագործականության և այլնի բարոյականությունը, ինչի ֆրագմենտար դրսևորումները չեն կարող ամեն նախորդ սերնդի աչքերում կործանարար չերևալ, քանի որ ադաթի փիլիսոփայությունն ուղղված է հենց անձի նախաձեռնողականության հանդեպ վախի սերմանմանը և դրա կոտրմանը` կյանքի անփոփոխ ցիկլն ապահովելու համար:
Սա հարցի այն կողմն է, որը կիրառելի է բոլոր սերունդների նկատմամբ և ցույց է տալիս բարոյալքման մասին արդեն հազարամյակներ տևող առասպելի իրական դեմքը՝ պայքարն ազատության դեմ և կյանքի հանգեցումը միայն սահմանափակմանն ուղղված սոցիալական «պրոտոկոլին» ենթարկվելուն, որից շեղումն էլ հենց գնահատվում է որպես բարոյալքում:
2. Սակայն կա նաև հարցի նեղ կողմը, քանի որ բարոյականության անկման մասին միայն ադաթի աշխարհայացքի կրողները չէ, որ խոսում են, այլ նաև ազատության բարոյականության ինչ-ինչ կողմեր յուրացրածները: Ձեր հարցադրման մեջ հենց այս հատվածն է ընդգրկված, քանի որ դատապարտելի է գնահատվել սեռական բռնությունը, մանկապղծությունը և այլնը, որոնք ադաթի բարոյականության տեսանկյունից բնականոն են:
Բնական է, որ ազատության, բռնության դատապարտման բարոյականությունը չի հաստատվել անմիջապես, այլ յուրաքանչյուր սերնդի ժամանակ կատարել է իր ներդրման փոքր քայլեր և մտել տվյալ ժամանակաշրջանի երիտասարդ սերնդի գիտակցության մեջ: Եվ հենց այստեղ է, որ արդեն նոր բարոյականության տեսանկյունից որևէ բան որպես բարոյալքում գնահատողները դրսևորում են որոշակի ինֆանտիլիզմ՝ մինչև 6 ամսական երեխայի հոգեբանություն, որի տեսանկյունից եթե առարկան իր տեսահորիզոնում չէ, ապա այն գոյություն չունի: Հետևաբար, եթե իր ժամանակ ինչ-որ բան այլևս դատապարտելի է և հանդիպում է հաճախ՝ ուրեմն հասարակությունն անկում է ապրում: Ինչպես 6 ամսական երեխան, այնպես էլ նման մտածողության կրողը չի ֆայմում շրջվել և փնտրել առարկան իր հետևում՝ նայել դատապարտելի երևույթի էվոլյուցիային և բացահայտել այն, ինչը քիչ առաջ ցույց տրվեց, որ երևույթն այդ եղել է իր ժամանակ, եղել է իրենից առաջ և ամենակարևորը (ինչը պետք է որ արդեն հերքի բարոյալքման մասին իր գնահատականը) չի եղել դատապարտելի:
Ուստի կարող ենք գոնե այս պահի համար ֆիքսել, որ Ձեր նշած երևույթների հանդեպ դատապարտող վերաբերմունքը և օրենքի մակարդակում դրանց պատժելիության սահմանումը բարոյականության առաջընթացի մասին է խոսում, որն ընդդիմանում է ավանդական բարոյականությանը, բռնության, «ես»-երի համահարթեցման բարոյականությանը, որոնք այս երևույթները դիտում են որպես օրինաչափ, և որոնց սահմաններում գոյություն չունի դրանց խարազանում:
Այնպես որ, առնվազն մտածողության հետևողականություն ցուցաբերելու համար հարկ է մինչ գնահատական տալը ուշադիր լինել երևույթների պատմության նկատմամբ, քանի որ դրանց կարճատես դիտարկումն է, որ հանգեցնում է նման անտրամաբանական եզրահանգումների:
«Լրագիր» 23-12-2011.

No comments: