Thursday, June 9, 2011

Պատերազմի վերսկսման հավանականությունը մեծ է

«Լրագիր» 8-6-2011- Ադրբեջանահայության, ինչպես նաեւ ներկայիս Ադրբեջանի մյուս ստրկացած բնիկ ժողովուրդների անցյալը, ներկան եւ ապագան ղարաբաղյան հակամարտության լույսի ներքո թեմայով համաժողով էր կազմակերպվել Գյումրիում:
Հայ-ադրբեջանական հակամարտության պատճառահետեւանքային կապը բացահայտելու անհրաժեշտությունը նախապայմաններ է ստեղծելու ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար: Այս դեպքում անհրաժեշտություն կա շեշտը դնել հատկապես էթնիկ ժողովուրդների ծագումնաբանության խնդրին: Նման տեսակետ ունի նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի նախագահ Գեւորգ Հովհաննիսյանը:
Ադրբեջանում հայ լինելը նշանակում է մահապատժի դատապարտվել,- ասում է անդրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Պատերազմի վերսկսման հավանականություն կա, երկու երկրների միջեւ ստեղծված ներկայիս իրավիճակը հենց դա է վկայում, նշեց Գրիգորի Այվազյանը: Իսկ Ադրբեջանի վարած քաղաքականությունը մեկ նպատակ ունի` բնաջնջել ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնակչությանը: Միայն գերհզոր տերությունների միջամտությունը կարող է որոշակի դրական առաջընթաց արձանագրել:
Ադրբեջանցիների կողմից իրականացվող հակահայկական քարոզչությունը, ղարաբաղյան հակամարտության միջազգային ընկալման գործում, բացասական ազդեցություն է գործում: Համացանցերում ընթացող քարոզչական արշավը մեկ նպատակ է հետապնդում` ստեղծված իրավիճակում շահեկան դիրքեր գրավել: Իսկ հակամարտության քաղաքական կարգավորման հիմնահարցերը ներկայում բանակցություների սեղանից այն կողմ չեն անցնում, նշեցին համաժողովի մասնակիցները:
ՓԱՅԼԱԿ ՖԱՀՐԱԴՅԱՆ, Գյումրի

No comments: