Saturday, June 18, 2011

Վրացահայերը նույնպիսի օտարերկրացիներ են, ինչպես մյուս սփյուռքահայերը. Հայաստանի ԱԳՆ դիրքորոշումը

News.am. 17-6-2011- ԱԺ պատգամավորներ Սամվել Բալասանյանն (ԱԺ նախագահի տեղակալ, ԲՀԿ) ու Տաճատ Վարդապետյանը (ՀՀԿ խմբակցություն) առաջարկում են «Օտարերկրացիների մասին» օրենքում կատարել փոփոխություններ, որպեսզի Վրաստանի քաղաքացի հանդիսացող հայերը կարողանան Հայաստանում գտնվել ցանկացած ժամկետով` առանց օտարերկրացիների համար սահմանված կացության կարգավիճակ ձեռք բերելու:
Առաջարկվում է նաեւ, որ վրացահայերը հնարավորություն ստանան Հայաստան բերել իրենց անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները` առանց Մաքսային օրենսգրքի 38-րդ հոդվածի սահմանափակման:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունն, ըստ հեղինակների, պայմանավորված է Վրաստանում բնակվող մեր հայրենակիցների եւ Մայր հայրենիքի կենսական կապի ապահովմամբ, որն ունի անքակտելի բնույթ եւ վերաբերում է առօրյա եւ շարունակական կենսաապահովման գործընթացներին, ինչպիսիք են` աշխատանքը, ուսումը, բուժօգնությունը, ամուսնությունը եւ այլն:
Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի վերացնել Վրաստանում բնակվող հայերի` մասնավորապես Սամցխե-Ջավախք եւ Քվեմո- Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակության հետ կապված ավելորդ ու անհարգի խոչընդոտները:
Պատգամավորները հատուկ նշել են, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ինչպես հայասիրական եւ հայրենասիրական մղումներով, այնպես էլ արտաքին քաղաքական շարժառիթներով` կապված Ջավախքի հայաթափության կասեցման արդիական հարցի հետ:
Սակայն կառավարությունը, արտգործնախարարության ներկայացմամբ, բացասական եզրակացություն տվեց սույն նախագծին: Ըստ արտգորխնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի` չի կարելի խտրական վերաբերմունք սահմանել բոլոր օտարերկրացիների համեմատությամբ, ընդհանրապես, եւ ծագումով հայ օտարերկրացիների համեմատությամբ` մասնավորապես: Բացի դրանից, առանց կացության կարգավիճակ ձեռք բերելու, 90 օրը գերազանցող անորոշ ժամկետով գտնվելը թույլ է տալիս առանց որեւէ սահմանափակման գտնվել Հայաստանի Հանրապետությունում, ինչը օտարերկրացիների կարգավիճակի անորոշություն է (անորոշ ժամկետով գտնվելու դեպքում դժվար է գնահատել օտարերկրացին ժամանակավորապե՞ս է գտնվում Հայաստանի Հանրապետության տարածքում, թե՞ մշտապես), հակասում է օրենքի տրամաբանությանը եւ կստեղծի անվերահսկելի իրավիճակ:

No comments: