«Լրագիր» 8-6-2011- Հայաստանում ու Արցախում կրկին թեժանում են կրքերը Կազանում սպասվելիք Սարգսյան-Ալիև հանդիպման շուրջ: Վերջին իրադարձությունները պարզ ցույց են տալիս, որ հայկական կողմը հստակ գնում է զիջումների ու պատրաստվում է ընդունել խաղաղապահներ Ֆիզուլիում ու Աղդամում: Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Բակո Սահակյանի ու Արա Հարությունյանի հետ և քննարկել խաղաղապահների հարցը: Սակայն վերջիններս պատասխանել են, որ իրենք ստատուս քվոյի կողմնակից են:Խաղաղապահների ժամանման գործընթացը ավելի երկար պատմություն ունի: Սերժ Սարգսյանի «Աղդամը մեր հայրենիքը չէ» հայտնի թեզը այս ուղղությամբ աշխատանքների մի մասն է կազմում: Հետագայում «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նախագահը զարգացրեց այս միտքը, ասելով, որ Ադրբեջանի մի քանի շրջանների վրա հայկական վերահսկողություն է հաստատել, որպեսզի անվտանգության գոտի ստեղծվի։
Այս հայտարարությունները խիստ վրդովմունք են առաջացրել հասարակության տարբեր շրջանակներում: Մի շարք ընդհատակյա խմբեր սկսեցին մշակել ռազմավարություն նման զարգացումների համար: Այս թեմայի շուրջ վերջերս Միացյալ Նահանգներում զրույց եմ ունեցել մի խումբ հայերի հետ, ովքեր իրենց խիստ վրդովմունքն են արտահայտել այդ գործընթացի նկատմամբ, և կիսվել են ինձ հետ, թե ինչ գործողությունների նրանք կդիմեն, եթե հանկարծ որևիցե տարածք հանձնելու փորձ կատարվի:
Կազանում հնարավոր նման զիջումը հաստատ պայթուցիկ ռումբի դեր կկատարի հայ հասարակության համար: Այն խաղի կանոնների հստակ փոփոխություններ կմտցնի Հայաստանում ու Արցախում, և զիջման գործընթացի մասնակիցներին կարող է այլ ելք սպառնալ: Վերջերս շրջանառության մեջ է դրվել այն հարցադրումը, թե արդյոք հնարավոր է, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կիսեն Իցհակ Ռաբինի ճակատագիրը: Հարցադրում, որը իր պատասխանը կարող է ստանալ Կազանում հնարավոր զիջումների դեպքում:
Իսկ նախագահի այն թեզը, թե «Աղդամը մեր հայրենիքը չէ», չի կարող վերաբերվել բոլորին, քանի որ Աղդամը իմ հայրենինքն է, և այդ հողի պաշտպանությունը թե Ադրբեջանից, թե խաղաղապահներից իմ անձնական խնդիրն եմ համարում:
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment