Wednesday, July 20, 2011

Հայաստանը ցանկություն ունի մասնակցել «Եվրատեսիլ 2012»-ին, բայց Ադրբեջանի ԱԳՆ-ի երաշխիքները բավարար չեն

News.am. 20-7-2011- Հայաստանը ցանկություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012» մրցույթին, սակայն դրա համար նախեւառաջ անվտանգության լուրջ երաշխիքներ պետք է ներկայացնի ոչ միայն ադրբեջանական կողմը, այլ նաեւ եվրոպական հեռարձակողների միությունը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ղեկավար Գոհար Գասպարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի այն հավաստիացմանը, թե այդ երկիրը պատրաստ է ապահովել «Եվրատեսիլ 2012» մրցույթի հայ մասնակիցների անվտանգությունը։
Գոհար Գասպարյանի խոսքով, որքան էլ Ադրբեջանի ԱԳՆ-ն նման հայտարարություններ տարածի, մրցույթի հայաստանյան պատվիրակությունը դրանցով չի բավարարվելու եւ անվտանգության ապահովման խնդիրը բարձրաձայնելու է նաեւ եվրոպական հեռարձակողների միության հետ կայանալիք բանակցությունների ժամանակ։ «Նմանօրինակ հայտարարություն Ադրբեջանը պարտավոր է անել՝ բացի Հայաստանից մնացած բոլոր երկրների համար եւս, այնպես որ դա նրանց կողմից բարի կամքի դրսեւորում չէ: Նրանք ուղղակի պարտավոր են հայտարարել անվտանգության ապահովման մասին. այլ կերպ մրցույթն ուղղակի չի կայանա»,- նշեց պատվիրակության ղեկավարը։

Գոհար Գասպարյանը միաժամանակ տեղեկացրեց, որ «Եվրատեսիլ 2012»-ին Հայաստանի մասնակցության հարցի վերաբերյալ քննարկումները եվրոպական հեռարձակողների հետ դեռեւս չեն սկսվել։ «Հիմա առավելապես կենտրոնացած ենք մանկական Եվրատեսիլի կազմակերպչական հարցերի վրա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը Երեւանում այս տարի կայանալիք վերոնշյալ մրցույթին մասնակցելու ցանկություն դեռեւս չի հայտնել։

Նշենք, որ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ապահովել «Եվրատեսիլ 2012» մրցույթի հայ մասնակիցների անվտանգությունը։
Նշենք նաեւ, որ «Եվրատեսիլ 2012» մրցույթը Ադրբեջանում կկայանա մայիսի 22-26-ը։ Մրցույթն այդ երկրում անցկացնելու իրավունքն այս տարի վաստակել էին Գերմանիայում կայացած «Եվրատեսիլ 2011»-ի ադրբեջանցի մասնակիցներ Էլդար Գասիմովը եւ Նիգյար Ջամալը (Ell/Nikki դուետը)։

No comments: